ՄԱՐԶՊԵՏԻ ՎԱՐՈՐԴԸ ԳՈՐԾԱԿԱԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում իր անունը չհրապարակած անձը «Ժողովուրդ»-ի թղթակցին բողոքել էր, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի վարորդ Համլետ Խեչյանը, որը Իջեւանում հայտնի է Համո անունով, մարզի  դպրոցների տնօրեններին պարտադրում է, որպեսզի ուսուցիչներին հասանելիք սոցիալական փաթեթի ծառայությունների համար ապահովագրության պայմանագիր կնքեն «ՌԵՍՕ» ընկերության հետ, որի գործակալն է Համլետ Խեչյանը: Նամակում գրված է. «Մեր տեղեկություններով՝ ուսուցիչներն իրենք պետք է ընտրեն ապահովագրական գործակալությունը: Սակայն Տավուշի մարզի դպրոցների տնօրենները համառորեն պնդում են, որ մարզպետարանից իրենց պատվիրել են դպրոցի աշխատակիցներին ապահովագրել «ՌԵՍՕ»-ում: Մարզպետի վարորդը եւ աշխատակցի տղան ներկայացնում են այդ ընկերությունը: Չենք հասկանում՝ մարզպետն ապահովագրական գործակա՞լ է, որ մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Ներսիսյան Ռոբերտը խստիվ կարգադրում է տնօրեններին: Հարգելի՛ տնօրեններ, հերի՞ք չէ էդ ստրկամիտ պահվածքին, դուք էլ  ուսուցիչների՞ն եք ստրկացնում: Տնօրեններն անգամ խուսափում են, որ գործակալները հանդիպեն ուսուցիչների հետ, ասում են՝ եթե Համոն կթողնի… էս ո՞ւր ենք հասել, որ վարորդն է Ձեզ թողնելու: Մի՞թե մարզպետի վարորդի աշխատանքն ավելի «ուժեղ» գործ է, որ տնօրենները ենթարկվում են»:
«Ժողովուրդ»-ն ուսումնասիրեց «ՌԵՍՕ» ապահովագրական ընկերության  գործակալների ցանկը, որտեղ առկա էր Համլետ Խեչյանի անունը: Նամակում գրված փաստերը ստուգելու համար պատահական սկզբունքով զանգահարեցինք մի քանի դպրոցներ: Իջեւանի տարածաշրջանի Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանն ասաց, որ իրենց դպրոցի աշխատակիցների մի մասը պայմանագիր է կնքել «ՌԵՍՕ», մյուս մասն էլ՝ «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ որպես «ՌԵՍՕ» ընկերության գործակալ՝  իրենց  դպրոց է  եկել  Համլետ Խեչյանը: Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտի դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանն էլ ասաց, որ իրենց դպրոցի աշխատակիցները պայմանագիր են կնքել ապահովագրական տարբեր ընկերությունների, այդ թվում՝ «ՌԵՍՕ»-ի հետ: Դպրոցի տնօրենը, սակայն, ժխտեց, որ իրենց վրա ճնշում է եղել, որպեսզի պայմանագիր կնքեն միայն «ՌԵՍՕ» ընկերության հետ: 
Նոր էր ավարտվել դպրոցների տնօրենների հետ մեր հեռախոսազրույցը, երբ զանգահարեց Համլետ Խեչյանը: Նա զայրացած էր, գռեհիկ բառեր էր օգտագործում, սակայն ասում էր, որ  ինքը խոսում է «մարդկային ձեւով»՝ հավելելով. «Ես էն մարդը չեմ, որի մասին պետք է գրվի»: Նա այդպես էլ չցանկացավ լսել իր դեմ բողոքում նշված փաստերի մասին: Նախկինում բազմիցս փաստերով նշել ենք Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող հանրակրթական դպրոցներում օրենքի խախտումների մասին, սակայն մինչ օրս դրանց համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:
ՈՍԿԱՆ   ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս