Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին և օրինական շահերին:
Մասնավորապես՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը և վերջինիս գործընկեր Հովհաննես Ներսիսյանը 2015թ. մարտի 28-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են առանց հաշվառման համարանիշի երթևեկող «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենան և կանգնեցրել են այն՝ իրավախախտումն արձանագրելու նպատակով:
Ավտոմեքենայի վարորդ Էդգար Դ.-ն ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը, բացատրել, որ մեքենայի վթարված լինելու պատճառով է առանց առջևի համարանիշի երթևեկում, սակայն տեսնելով, որ ոստիկանը ցանկանում է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել, նրանից հետ է վերցրել իր փաստաթղթերը: Այդ կապակցությամբ առաջացել է վիճաբանություն վարորդի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արտակ Ղազարյանի և Հովհաննես Ներսիսյանի միջև, որին միջամտել են նաև տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության այլ ծառայողներ:
Վիճաբանության ընթացքում վարորդ Էդգար Դ.-ն գոտկատեղից դուրս է բերել գազային ատրճանակ, որի հնարավոր գործադրումը խափանելու և վերջինիս վնասազերծելու նպատակով Արտակ Ղազարյանը, Հովհաննես Ներսիսյանն ու ոստիկանության մեկ այլ ծառայող, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ֆիզիկական ուժ են գործադրել ու ձեռնամարտի հնարքներ կիրառել նրա նկատմամբ, որի արդյունքում Արտակ Ղազարյանը ատրճանակը վերցրել է գետնին ընկած Էդգար Դ.-ի ձեռքից:
Էդգար Դ.-ին վնասազերծելուց հետո, Արտակ Ղազարյանը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Էդգար Դ.-ի նկատմամբ կատարել բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, այն է՝ ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գետնին ընկած Էդգար Դ.-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: