ՀԱՐՑ. Հաճախ եմ նկատում, որ արտարժույթի փոխանակման կետերում եւ որոշ բանկերում էական տարբերություններ են լինում ԿԲ-ի կողմից հրապարակված փոխարժեքների շուրջ: Ինչո՞վ է բացատրվում նման տարբերությունը:
Դավիթ Սեպոյան (53 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր` ժամը 15:45-ին՝ հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամը 15:30-ը ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողը թերեւս սխալվում է՝ նշելով, թե ԿԲ-ի եւ փոխանակման կետերի սահմանած փոխարժեքներն էականորեն տարբերվում են: Խնդիրն այն է, որ այս կամ այն բանկի փոխանակման կետն ինքն է որոշում արտարժույթի գնման եւ վաճառքի արժեքը: Եվ այն, բնականաբար, շատ չի տարբերվում ո՛չ ԿԲ-ի, ո՛չ էլ գործընկեր բանկերի սահմանած սակագներից: