ՀԱՐՑ. Ես 5 տարի շարունակ աշխատել եմ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Սակայն 2012-2013թթ. ուստարում «Միջազգային լրատվություն» կենտրոնի ղեկավարը, ապօրինաբար ինձ դասաժամեր չհատկացնելով, ընդհատեց անընդմեջ աշխատանքային ստաժս: Ինձ հետաքրքրում է, եթե ստաժս ընդհատվել է, կարո՞ղ եմ 2013-2014թթ. կրկին դիմել դոցենտի կոչում ստանալու համար, քանի որ մյուս չափանիշներով համապատասխանում եմ դոցենտի կոչմանը:
Արման Գալոյան (բանասիրական
գիտությունների թեկնածու, լրագրող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ ասեմ, որ ՀՀ-ում կոչումները շնորհվում են կառավարության 2001թ. հուլիսի 9-ի 615 որոշմամբ: Իսկ ինչ վերաբերում է դոցենտի գիտական կոչմանը, ապա այնտեղ գրված է առնվազն երեք տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ՝ ընդհատի կամ անընդհատի մասին խոսք չկա: Պահանջներից մեկն այն է, որ նա այդ բուհում վերջին երեք տարվա ընթացքում պետք է իրականացրած լինի գիտամանկավարժական աշխատանք, այսինքն՝ դասավանդած լինի: Հիմա եթե նա 2012-2013թթ. դասեր չի ունեցել, այդ բուհում պետք է առնվազն երեք տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ ունենա, որպեսզի նա բուհը ներկայացնի, որովհետեւ ինքը չի կարող ներկայացնել: Ըստ կառավարության հաստատած կարգի՝ կոչում շնորհելու վերաբերյալ որոշումը կայացնում է բուհի գիտական խորհուրդը, հետո նոր բուհը այն ներկայացնում է ԲՈՀ-ի հաստատմանը:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի
տեղեկատվության եւ արձանագրությունների բաժնի պետ Աշոտ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն ստացվում է, որ դասախոսին նույնիսկ այս դեպքում կարող են շնորհել հայցած կոչումը՝ միայն թե դա կախված է բուհի գիտխորհրդի կամքից, կամ էլ նա ստիպված կլինի երեք տարի աշխատել մեկ այլ բուհում: