Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ, թույլ չտալով բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը, Հայաստանի դատարանները խախտել են Սաղաթելյանի արդար դատավարության իրավունքը։
Այսպես, 2004 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք որոշում էր կայացվել Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես դատավոր աշխատելու ժամանակահատվածում կեղծիքներ կատարելու պատճառաբանությամբ։ ՄԻԵԴ-ի այս վճռով ՀՀ Կառավարությունը պարտավորվել է նախկին դատավորին չորս հազար ինը հարյուր եվրոյի փոխհատուցում վճարել՝ 3600 եվրո՝ հասված վնասի համար, 1300-ը՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Հայաստանում առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր քննել Սաղաթելյանի բողոքը՝ պատճառաբանելով, որ նախագահի հրամանագրերը ընդատյա չեն ընդհանուր իրավասության դատարաններին։
Վճիռը բեկանվել էր Վերաքննիչ դատարանում, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռը պետք է ուժի մեջ մնա։