Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարան չի դիմի. սահմանադրական փոփությունների նախագածի քվեարկությունը վիճարկելու համար հիմքեր չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. «2015 թվականի հոկտեմբերի 5-ի «ԱԺ-ի որոշումը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը բավարար չեն»: Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի՝ համաձայնություն տալու որոշումը ՀՀ Սահմանադրական դատարանում բողոքարկելու համար:

2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստացված պատասխան գրությամբ հայտնում են ԱԺ-ի որոշման սահմանադրականությունը վիճարկելու բավարար հիմքերի բացակայության մասին: ՄԻՊ-ը նշում է, որ ԱԺ-ի որոշումը ինքնին մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ուղղակի սահմանափակում չի պարունակում: Հետաքրքիր է, որ ՄԻՊ-ը արհեստականորեն տարանջատում է համաձայնություն տալու՝ ԱԺ-ի որոշումը այն փաստաթղթի բովանդակությունից, որին տրվել է համաձայնություն: Հետաքրքիր է՝ ինչպես կվարվեր ՄԻՊ-ը հետևյալ դեպքերում. ԱԺ-ը համաձայնություն է տալիս Քրեական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին պատգամավորների նախաձեռնությունը հանրաքվեի դնելուն, որով դրվում է ՀՀ-ում մահապատիժ կիրառելու վերաբերյալ հարցը:

Կամ, օրինակ, ԱԺ-ը համաձայնություն է տալիս հանրաքվեի դնելու ՀՀ Նախագահի այն նախաձեռնությունը, որով նա առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը ընդգրկել Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության կազմում: Արդյո՞ք, այս դեպքերում ՄԻՊ-ը՝ որպես սահմանադրական և ըստ էության՝ անկախ մարմին, հարցին պետք է ձևական մոտեցում ցուցաբերի՝ գտնելով, որ նշված համաձայնությունների մասին ԱԺ որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը բավարար չեն: Գտնում ենք, որ ՄԻՊ-ի մոտեցումը արհեստական է և ոչ բովանդակային ԱԺ հայտնի որոշման նկատմամբ, որով համաձայնություն է տրվում հանրաքվեի դնելու մարդու իրավունքները և հիմնական ազատությունները սահմանափակող նորմեր:

Գուցե ՄԻՊ-ը խուսափում է արդեն գործողության մեջ դրված «անհաջող կադր» որակումից: Ցավով ենք արձանագրում, որ Հայաստանում արդեն օրինաչափություն է ձևավորվել, երբ պետության և հասարակության համար կենսական նշանակության հարցերում պետական ինստիտուտները հրաժարվում են իրենց սահմանադրական պարտականությունները կատարելուց: Ժամանակին Սահմանադրական դատարանը հրաժարվեց Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման սահմանադրականության հարցի վերաբերյալ մեր դիմումը քննարկելուց՝ հրաժարվելով ՀՀ Սահմանադրությունը պահպանելու իր անմիջական և ուղղակի գործառույթներից:

Վերջում ընդգծենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, ստացված դիմումի հիման վրա բողոքը քննարկման ընդունելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու փոխարեն՝ պատասխանել է գրությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ




Լրահոս