«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, երբ հրապարակվում է պաշտոնական վիճակագրության հերթական տեղեկագիրը, համոզվում ես, որ հեղինակները հաստատ Հայաստանի իրականությունից դուրս ապրող մարդիկ են: Հայաստանի ցանկացած բնակավայրում կարող եք փողոցում անցորդին հարցնել, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանի տնտեսական աճին: Լավագույն դեպքում այդ անցորդը կկարծի, որ դուք «թաքնված տեսախցիկի» համար եք իր հետ նման դաժան կատակ անում: Բայց փաստն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն իսկապես ամեն ամիս տնտեսական աճ է արձանագրում: Մասնավորապես, այս տարվա ինն ամիսների արդյունքով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է 3,7 տոկոս տնտեսական աճ: Սակայն միեւնույն ժամանակ պաշտոնական վիճակագիրները չեն կարողացել թաքցնել այն փաստը, որ անցած տարվա համեմատ առեւտրի շրջանառությունն առնվազն 100 միլիարդ դրամով նվազել է, այսինքն՝ 2015-ի ընթացքում սպառողն այդքանով աղքատացել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: