ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հարցը որոշել է լուծել իրավական դաշտում: Հայրիկյանը կարծում է, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները խախտել են Սահմանադրությունը, ինչի համար պետք է դատարանում պատասխան տան: Ավելին` ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը` Սերժ Սարգսյանը եւս պատասխանատուներից մեկն է:
-Պարո՛ն Հայրիկյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ձեւավորվել է «Ոչ»-ի ճակատը, որում ընդգրկված է նաեւ Ձեր ղեկավարած կուսակցությունը, սակայն որեւէ կոնկրետ գործողություն ճակատը չի իրականացնում: Սահմանադրության հանրաքվեին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ, սակայն Ձեր կողմից որեւէ հակաքարոզչություն չի իրականացվում: Ինչո՞ւ:
-Ես կխոսեմ իմ անելիքների մասին, որովհետեւ իրենք թող իրենց մասին խոսեն, բայց, իսկապես, եթե հստակություն լիներ, մենք առաջատար դիրքերում կլինեինք. մի դեպքում հայտարարեցինք, որ դիտորդ ենք, մյուս դեպքում հենց դիտորդի կարգավիճակում ենք եղել: Բայց երկուսին էլ պատրաստ ենք աջակցել:
-Այսինքն՝ «Ոչ»-ի ճակատում պառակտո՞ւմ կա:
-«Չեք անցկացնի»-ն եւ «Հանրության փրկության ճակատը» վերջին մեր նախաձեռնությամբ միավորվեցին, որը վերջում ընդունեց «Նոր Հայաստան» ձեւաչափը՝ անտրամաբանական, ու քանի որ շատ էին դանդաղում, մեզ էլ էին ասում, որ պետք է դանդաղ գործել, դանդաղ շտապել, մենք ասացինք, թե մենք կլինենք դիտորդի կարգավիճակում, որպեսզի մեր գործերն անենք: Իսկ մեր գործերի մեջ մտնում էր իրավական հիմքեր պատրաստելը՝ այս ողջ գործընթացի ապօրինությունը հիմնավորելու, հետագայում ապացուցելու համար: Ինչպես գիտեք՝ նաեւ համացանցային ստորագրահավք է սկսված: Ամենաուշը վաղն արդեն մենք դատարան կմտնենք, որովհետեւ դատախազությունից արդեն պատասխան ստացանք: Դատախազությունն էլ որոշեց դառնալ գործընկեր հանցագործներին, այլ կերպ չէր էլ կարող լինել, բայց այդ ամենը պետք է փաստել: Ինչ վերաբերում է սահմանադրական հանձնաժողովի հակասահմանադրականությանն ու հանցավորությանը, դա արդեն ապացուցված եմ համարում, նախագահն էլ մի քանի օրերում կապացուցի, որ ինքն էլ հակասահմանադրական գործիչ է, իրավական տեսակետից եմ ասում, հետո այս ամենը պետք է հայտարարի բերել ու տանել առաջ: Այսօր իրավական ճանապարհը դա է, ես կուզեի սրան զուգահեռ լիներ նաեւ քաղաքացիականը, բայց քաղաքացիականի մասին շատ խոսողներն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիական խանդավառությունը աճ չապրի: Մենք այնպիսի քայլեր ենք ձեռնարկել, որ նույնիսկ երկու տարի հետո այդ ամենը կլինի քննարկելի, քննադատելի եւ դատապարտելի:
-Ստացվում է, որ «Ոչ»-ի ճակատն այլեւս որեւէ գործունեություն չի իրականացնելո՞ւ:
-Ինձ այնքան տհաճ է այդ «Ոչ»-ի ճակատը, եղել է այլընտրանք, ու եթե միանային այդ այլընտրանքին, ապա ոչ թե մենք կլինեինք այդ «ոչ»-ը, այլ կլինեին իրենք: Մենք կլինեինք «այո»-ի ճակատը, այսինքն՝ քաղաքացիների սեփականությունը դարձնելու՝ սահմանադրական նախաձեռնության հավաքական թիմ կլիներ: Բայց, ցավոք, այդ անցումը չկատարվեց:
-Եթե Դուք որոշել եք սահմանադրական փոփոխությունների հարցը տեղափոխել իրավական դաշտ ու «պատժել» սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, արդյո՞ք «պատժվողների» թվում է լինելու նաեւ նախաձեռնողը՝ Սերժ Սարգսյանը:
-Մարդիկ Սահմանադրություն են խախտել, իսկ դատախազն էլ գտել է, որ դա հանցագործություն չի, բայց Սահմանադրության դեմ գործելը հանցագործություն է: Իսկ ովքեր են այդ ամենի պատասխանատուները, առաջին հերթին, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, դրա վերաբերյալ մենք արդեն նյութեր ներկայացրել ենք: Նախաձեռնողը, այդ մասով որ նախաձեռնել է ոչ, որովհետեւ ինքը ստեղծել է պետական մարմին, ու այդ պետական մարմինը պարտավոր է գործել Սահմանադրությանն ու պետական օրենքներին համապատասխան, նախաձեռնողը հայտարարել է նաեւ, որ բոլոր այլընտրանքները կընդունվեն: Բայց որեւէ գործնական քայլ չի իրականացվել: Մենք հուլիսին մեկ անգամ եւս դիմել էինք հանդիպելու համար, հանձնաժողովը ժամադրեց մեզ՝ մեր հարցերը լուրջ քննարկելու համար, բայց իրենք փախան: Այսինքն՝ դրանով իրենք հրապարակավ հայտարարեցին, որ չեն ուզում քննարկում կատարել: Դրանից հետո, երբ մենք դիմեցինք Սահմանադրությունը պահպանող նախագահին, որն այդ ամենի նախաձեռնողն է, նա նույնպես չարձագանքեց: Ուրեմն ինքը նույնպես կընկնի պատասխանատուների մեջ: Սահմանադրությունը խախտվել է: «Ոչ»-ի ճակատի անդամներից որեւէ մեկը շահագրգռվածություն հանդես չբերեց, ու մենք էլ չենք ցանկանում ուրիշների պատճառով այսօր մեր ժամանակը կորցնել: Այսօր ինչ կարող ենք անել, վաղը հնարավոր չի անել: Մենք մեր քայլերն անելու ենք ու փաստեր ենք ներկայացնելու, որ այն ամենը, ինչն արվել է, սահմանադրական չէ: Մենք իրավական դաշտում այդ ամենն իրականացնելու ենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ