Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ-ից ազատվելու դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ Շիրինյանը հեռանում է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում առաջին պրոռեկտորի պաշտոնից: Այս մասին նա հայտարարություն է տարածել սոցցանցի-ի իր էջում:

Նա մասնավորապես, գրել է.

«Ես հեռանում եմ համակարգից, հեռանում եմ պատվով եւ արժանապատվորեն: Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:

Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը: Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արատակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան, եւ թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան: Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, եւ դա մեզ հաջողվեց: Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, եւ դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին:

Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը:

Մեծ հաջողություն էր նաեւ ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911.Արտակարգ թերթի» նոր ոճով եւ նոր ձեւավորմամբ լույս ընծայումը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության եւ թողեցին անուն, հարգանք ու պատիվ: Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեեւ կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն եւ յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը:

Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետեւ գործել եմ միայն պատվի եւ արժանապատվության բարձր մղումներով:

Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար: Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը: Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ, նոր իրողություններով ու սպասելիքներով… Բարին ընդ բոլորին…

Հարգանքներով՝ գնդապետ Սայաթ Շիրինյան»:




Լրահոս