ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները: Երեկվա դրությամբ միայն ՀՀԿ-ն էր ներկայացրել իր ցուցակը, մյուսները դա կանեն այսօր: Մինչ այդ նկատենք, որ չնայած մեզանում գործում է ավելի քան 75 կուսակցություն, սակայն առայժմ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ընդամենը 7-ը: Ընդ որում, բացի ընդամենը վերջերս հիմնադրված “Առաքելություն” կուսակցությունից, մյուսները խորհրդարանական կուսակցություններն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, “Ժառանգություն”-ն ու ՕԵԿ-ը: 
Այլ կերպ ասած՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների հազիվ 10 տոկոսը: Այս հանգամանքը, թերեւս, վկայում է այն մասին, որ Հայաստանում 75 կուսակցությունը գոյություն ունեն միայն թղթի վրա: Սա պարզ ճշմարտություն է, որի մասին գիտեն բոլորը: Ավելին, այդ 75 կուսակցությունների զգալի մեծամասնությունը նույնիսկ չի բավարարում “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքում սահմանված չափանիշներին (կուսակցությունները պետք է առնվազն 2000 անդամ ունենան եւ ՀՀ բոլոր մարզերում առնվազն 200-հոգանոց տարածքային կառույցներ): Ավելին, նրանց անդամները հազիվ կտեղավորվեն մի “Ժիգուլու” մեջ: Բայց ոչինչ չի խանգարում նրանց կոչվել կուսակցություն:
Հետաքրքրականն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին. ամեն մեկն ուներ իր պատճառաբանությունը: Հատկապես ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն որպես պատճառներից մեկը մատնանշել էին ընտրակեղծիքների մեխանիզմը, որ ստեղծվել է երկրում: Այս երեք ամիսների ընթացքում Հայաստանում այդ առումով որեւէ բան չի փոխվել. շարունակում են գործել ընտրակեղծիքի նույն մեխանիզմները, ընդ որում, դրանք ընտրությունից ընտրություն ավելի են կատարելագործվում: Որեւէ մեկը չի կասկածում, որ այդ մեխանիզմը գործի կդրվի նաեւ մայիսի 5-ին: 
Այլ կերպ ասած՝ չկա որեւէ երաշխիք, որ այդ քաղաքական ուժերը մայիսի 5-ին կստանան ճիշտ այն տոկոսները, որ վաստակել են իրականում: Ուրեմն ո՞րն է ելքը: Դժվար է ասել, որովհետեւ, Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելը եւս հարցի լուծում չէ. այս ընտրություններն իրենց մասշտաբներով հավասար են համապետական ընտրություններին: Բացի այդ, առջեւում քաղաքական անապատ է. հաջորդ համապետական ընտրությունները տեղի կունենան չորս տարի անց միայն: Ու քաղաքական ուժերը դեռ պետք է անցնեն այդ 4 տարին` պահպանելով իրենց ռեսուրսները: Խոստովանենք` դժվար է: Մանավանդ որ նախագահական ընտրությունները ցույց տվեցին` սուրբ տեղը դատարկ չի մնում. վկան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոս ձայները:




Լրահոս