ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծես թե արդեն սովորույթ է դառնում այն, որ մեր երկրում պաշտոնյաները գյուղացիների ձայնը լսում են միայն այն դեպքում, երբ նրանք դիմում են ծայրահեղ քայլերի եւ փակում են այս կամ այն մայրուղին: Խաղողագործների պարբերական բողոքի ակցիաներին երեկ հաջորդեց Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների ընդվզման դրսեւորումը` դարձյալ միջպետական ճանապարհի փակման տեսքով:

Երեկ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները սմբուկի եւ լոլիկի մթերման ցածր գների եւ վարկային մեծ պարտավորությունների պատճառով փակել էին Երեւան-Արմավիր միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են լուծել պտուղ-բանջարեղենի մթերման հետ կապված խնդիրները, բանակցել բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններս սառեցնեն վարկերի տոկոսադրույքները, քանի որ այս տարի ընդհանրապես չեն կարողացել բերք իրացնել: Բողոքող գյուղացիների խոսքերով՝ սմբուկ, լոլիկ մթերող կազմակերպությունները մեկ կիլոգրամի դիմաց առաջարկում են 40 դրամ, ինչը, բնականաբար, գյուղացիների համար անընդունելի գին է:
Երեկ բողոքող գյուղացիների հետ հանդիպման գնացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «ԱԳԲԱ կրեդիտ Ագրիկոլ» բանկի Էջմիածնի եւ Արմավիրի մասնաճյուղերի կառավարիչներին, «Նոյան» բնական հյութերի գործարանի տնօրենին եւ մի քանի արշալույսցիների հրավիրել էր մարզպետարան՝ խորհրդակցության:
Օրվա վերջում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ բանկի ներկայացուցիչները խոստացել են բոլորի հետ անհատական աշխատել, անգամ վարկավորման խնդիր կարգավորել: ««Նոյան» գործարանի տնօրենը պատրաստակամություն հայտնեց 1500 տոննա լոլիկ մթերել՝ 40 դրամով: Իսկ սմբուկի մասով Պռոշյանի գործարանը, նաեւ «Նոյան»-ը, պատրաստ է օրական 5-10 տոննա մթերել՝ 30 դրամով»,- ներկայացրեց մարզպետը:
Թեեւ նշված գինը չափազանց ցածր է, այնուամենայնիվ, գոնե խնդրին ինչ-որ լուծում է, եւ գոնե մարզպետը ինչ-որ քայլեր անում է: Մինչդեռ մեր Կառավարությունում կան բազմաթիվ օղակներ, որոնց անգործության արդյունքում է այսօր նման պատկեր ստեղծվել: Ինչպես հայտնի է՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ ՀՀ Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի բնակիչները կանգնած են խաղողի մթերման հետ կապված դժվարությունների առաջ: Մինչ բոլորը շտապում են քարկոծել գյուղատնտեսության նախարարությանը, նկատենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես իր մասով ոչինչ չի ձեռնարկում, այնինչ ստեղծված իրավիճակը զգալի չափով նաեւ այս կառույցի վատ աշխատանքի արդյունքն է:
Հենց այս գերատեսչության գործառույթն է տնտեսության կազմակերպումը, մասնավորապես այն, որ ձեռնարկությունները բնականոն զարգանան, ապրանք արտահանեն: Այս ամենի հետ կապված քաղաքական խնդիրները պետք է լուծի հենց էկոնոմիկայի նախարարությունը եւ քայլեր ձեռնարկի գործարար դաշտի բարելավման եւ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Սակայն ինչ է անում վերջինս: Ոչինչ: Եւ սրա վառ ապացույցն է երկրում առաջացած պատկերը. գյուղացին օրերով հերթ է կանգնում գործարանի մուտքի մոտ, վերջինս հրաժարվում է այն մթերել, քանի որ արտահանել չի կարողանում եւ այսպես շարունակ:
Այսպիսով, այսօր կարելի է հստակ ասել, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տվյալ կառույցը պարզապես պարապուրդի է մատնվել: Մինչդեռ մինչ ԵՏՄ-ին անդամակցելը Կառավարությունում անընդմեջ հայտարարում էին, թե 170 միլիոնանոց շուկան բացվելու է մեր գործարարների առաջ, եւ հատկապես մեծ զարգացում է ապրելու գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Նաեւ հավաստիացումներ էին տրվում առ այն, որ արտահանման եւ ներմուծման հետ կապված խնդիրները մեծ արագությամբ կլուծվեն, իսկ բոլոր տեղական արտադրողներն էլ կկարողանան անարգել մեծ քանակությամբ արտադրանք արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Սակայն ինչպես տեսնում ենք` Կառավարության բոլոր խոստումները գրոշի արժեք անգամ չունեցան, եւ այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնած ինչպես գյուղացիները, այնպես էլ նրանց բերքը մթերելու միջոցներ չունեցող արտադրողները:
Եվ, ահա, այս իրավիճակում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իրեն այնպես է պահում, կարծես մեր երկիրը Գերմանիայի կամ Սինգապուրի էկոնոմիկան ունի: Նախարարը բառացիորեն մատը մատին չի խփում, մինչդեռ ստեղծված իրավիճակում նա պետք է շուրջօրյա աշխատեր` գոնե նվազագույն ելքեր փնտրելու նպատակով: Իսկ Ճշմարիտյանն իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես 2012-2014 թվականներին, երբ ԱԺ պատգամավոր էր. այսինքն` որեւէ նախաձեռնություն չի ցուցաբերում, մշտապես ստվերում է, իսկ լրագրողների հարցերին էլ թերանում է պատասխանել:
Էկոնոմիկայի նախարարին ամենեւին չի հուզում այն, որ երկրում սնանկացող ընկերությունների թիվն օր օրի ավելանում է: Ընդհանրապես, տպավորություն է, որ էկոնոմիկայի նախարարությանը չեն վերաբերում տնտեսության որեւէ ճյուղում, առավել եւս` գյուղատնտեսությունում առկա խնդիրները: Այնինչ` պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին մի քանի տարիներին ՀՆԱ-ի մեծ մասը բաժին է ընկել հենց գյուղատնտեսությանը: Ու հնարավոր բոլոր տեսակի աճերը պաշտոնական վիճակագիրները «նկարում են» հենց գյուղատնտեսության միջոցով: Իսկ այդ ցուցանիշներով էլ առավելապես գլուխ է գովում Ճշմարիտյանը, որը, սակայն գինու, կոնյակի գործարանների արտադրանքի իրացման համար նոր շուկաների ձեռք բերման կամ գոնե եղածների պահպանման ուղղությամբ որեւէ բան չի անում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կոնյակի, գարեջրի արտադրության ծավալները շարունակ նվազում են, եւ դրա պատճառներից մեկն էլ արտահանման ծավալների անկումն է: Հենց այս հարցը կարգավորելու դեպքում միայն գյուղացին այսօր կարող էր չառնչվել մթերման հետ կապված խնդիրներին:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ակտիվ խոսակցություններ էին գնում այն մասին, որ առաջիկայում էկոնոմիկայի նախարարությունում սպասվում են լուրջ կառուցվածքային փոփոխություններ: Նշվում էր, որ նախարար Ճշմարիտյանի անարդյունավետ գործունեությունից դժգոհություններ ունի նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հուսանք, որ վերամշակող գործարանների մուտքերի մոտ ստեղծված պատկերը իշխանություններին կստիպի հասկանալ, որ Կարեն Ճշմարիտյանը տեղում չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
21 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿԸ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Գյումրիում ավազակային խումբը պլանավորված գողություն է կատարում քաղաքի բնակիչների բնակարաններից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ավազակային խումբը գողություն էր կատարել ՀՀ վարչական դատարանի դատավոր Էդուարդ Նահապետյանի Շիրակի մարզի օգնական Նարինե Աբգարյանի բնակարանից: Ի դեպ, Նարինե Աբգարյանի ամուսինը` Արթուր Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի տարածքային կառույցի տնօրենն է:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արթուր Մանուկյանի հետ:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքի օրը ընտանիքի անդամները տանը չեն եղել. «Օգոստոսի 5-ին է եղել դեպքը, կինս աշխատանքի էր, ես՝ նույնպես, իսկ երեխաներս Մոսկվայում են եղել: Մայրիկս էլ մյուս եղբորս տանն էր: Ցերեկվա ժամը 14:00-ի սահմաններում տան կողպեքը ջարդելով մտել էին տուն, տանից տարել էին ոսկյա զարդեր եւ 7000 դոլար գումար, որը իմ տարիների աշխատած գումարն էր: Ախր, նպատակի համար էինք հավաքել: Աղջիկս իրավաբան է ցանկանում դառնալ, եւ այդ գումարը վարձի համար էինք հավաքել: Ինչ ասեմ, ամենազարմանալին այն է, որ գողությունը կատարողը եղել է Գյումրիում ռեստորանի, ավտոլվացման կետի սեփականատիրոջ՝ Սամվել Ջանոյանի որդին` Գոռ Ջանոյանը, հայտնի, ունեւոր մարդիկ են»:
Արթուր Մանուկյանի խոսքերով՝ ինքը եւ իր կինը հաճախ են օգտվել Ջանոյանների ավտոլվացման կետից. «Միգուցե այդ ժամանակ էլ մեքենայում բանալիներ են եղել, վերցրել են, չնայած դռան կողպեքը կոտրել էին: Եղել էին երեք հոգով: Շենքի բակում տեսախցիկներ կային, որոնք ցույց էին տվել, թե քանի հոգի են եղել: Չգիտեմ՝ ինչո՞ւ ցանկացան այսպիսի վատություն անել, թշնամանք չեմ ունեցել ոչ մեկի նկատմամբ, մարդիկ ինձ միշտ տեսնում, բարեւում են, մենք այդ մարդը չէինք: Ձեզ ասեմ, որ հանցագործները բավականին հաշվարկված են գործել: Ուրեմն, Ջանոյանների ռեստորանի մոտ ես վարսավիրանոց ունեմ եւ դեպքի օրը՝ հենց այն ժամին, այնտեղ կանգնած եմ եղել: Դե, տեսեք, թե ինչ հաշվարկ են արել՝ իմանալով՝ ես ուր եմ, կինս ուր է, ու գործի էին անցել»:
Արթուր Մանուկյանի խոսքերով՝ հոկտեմբերի 11-ին իրեն հրավիրել են ոստիկանության Մուշի բաժին եւ հայտնել, որ գողություն կատարողներին հայտնաբերել են. «Ինձ իրավապահները հայտնեցին, որ դեռ քննչական գործողություններ պետք է իրականացնեն: Մի խոսքով, բնակարանիցս տարած գումարի, ոսկյա զարդերի մասին տեղեկություն չկա: Ինձ իմ բնակարանից տարած իրերի ճակատագիրն է հետաքրքրում: Դրանով իմ երեխաների ապագան է որոշվում, իսկ թե իրենց ինչ պատիժ կհասնի, Աստված իրենց հետ»:
Հավելենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավազակային խմբի մեջ կա 21 տարեկան մի աղջիկ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՌՈՒՍՆԵՐԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական փորձագետների մակարդակով Ռուսաստանի հետ քննարկել Սիրիայի խնդիրը։ Այս մասին երեկ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ամերիկացիներին առաջարկել էինք ռազմական փորձագետներ ուղարկել Մոսկվա՝ մի շարք համատեղ քայլերի շուրջ համաձայնության գալու համար, որից հետո մենք պատրաստ կլինեինք վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն։ Այս առաջարկն արվել էր Նյու Յորքում։ Սակայն մեզ այսօր պաշտոնապես հայտնեցին, որ նրանք չեն կարող պատվիրակություն ուղարկել Մոսկվա, եւ Վաշինգտոնում նույնպես պատվիրակություն ընդունել չի ստացվի։ Միակ բանը, ինչով հետաքրքրված են մեր ամերիկացի գործընկերները, միջադեպերից խուսափելու համար քայլեր ձեռնարկելն է»,- նշել է Լավրովը:

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 13-ին եւ լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ՝ 60 (2 արկ) եւ 82 մմ-ոց ականանետերից (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Հովսեփյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը եւ վերահաստատել կոմիտեի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը քննարկել են փոխգործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր:




Լրահոս