ՄԱՐԴ ՉԿԱ, ԲԱՅՑ ԸՆՏՐՈՂ՝ ՈՐՔԱՆ ՈՒԶԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ընտրողների պաշտոնական թիվը 2 միլիոն 548 հազար 654 է: Այս թիվը երեկ ներառված էր ՀՀ կառավարության որոշման այն նախագծում, որով սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից մեկուկես միլիարդ դրամ հատկացվեց: Սակայն եթե ընտրողների թիվը հաշվարկում ենք պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, մասնավորապես, առկա բնակչության թվից եթե հանում ենք անչափահասների, վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթածների եւ մահացությունների թվերը, միայն այս ճանապարհով ընտրողների թվի հավելագրումը կազմում է մոտ 600 հազար: Ի դեպ, եթե ընդունենք, որ ընտրողների վերը բերված պաշտոնական թիվն առաջիկայում էապես չի փոխվի, ապա ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է լինելու ապահովել առնվազն 637 հազար կողմ ձայն: Նկատենք, որ ըստ հանրաքվեի մասնակցության ցուցանիշի՝ անհրաժեշտ նվազագույն այո-ների թիվը կարող է ավելանալ:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսից սկսած մինչեւ սեպտեմբերի վերջը ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում եւ հրետակոծում էր հայկական դիրքերը, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն այս տարի Հայաստանի սահմանամերձ գյուղերը հրետակոծեց նաեւ խոշոր տրամաչափի հրետանիով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել: Հերթապահություն կատարող փրկարարներին նաեւ զենք է հատկացվել, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք, ինչպես անցած տարի դա տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ խնդիրը գտնվում է օրենսդրական կարգավորման փուլում:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայէկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «BTA» բանկի հետ` վերջինիս իրեն միաձուլելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ հայկական բանկի պատվերով ղազախական բանկում ներկայումս իրավաբանական եւ տնտեսական աուդիտ է իրականացվում, որից հետո էլ գործարքի պայմանները կհստակեցվեն: Սակայն գործարքի մոտավոր չափերն առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Միայն կարող ենք արձանագրել, որ եթե այս գործարքը կայանա, ապա «Հայէկոնոմբանկը» կլինի առաջին հայկական բանկը, որը կսկսի գործունեություն ծավալել Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնի է՝ մինչ օրս օտարերկրյա բանկերն են Հայաստանում մասնաճյուղեր բացում կամ հայկական բանկերն իրենց միաձուլելով՝ իրենց ներկայությունն ապահովում Հայաստանի բանկային ոլորտում: Ի դեպ, ղազախական «BTA» բանկը պատկանում է Ղազախստանի նախարարներից մեկի որդուն:

 

 

 
ՀՀ կենտրոնական բանկից «Ժողովուրդ»-ը փորձել է պաշտոնապես պարզել, թե արդյոք հայրենի կուսակցություններն արդեն քարոզչական հիմնադրամներն արդեն բացել են: Սակայն տեղեկացանք, որ դեռեւս որեւէ կուսակցություն հիմնադրամի ստեղծման հարցերով չի զբաղվում. գումարներ չեն հավաքել: Հիշեցնենք, որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն նախաձեռնության հեղինակը, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները: Վերջիններս իրենց քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու համար պետք է ստեղծեն քարոզչական հիմնադրամներ: Դրանց միջոցով առավելագույնը քարոզչության համար կարող է ծախսվել մինչեւ 100 մլն դրամ: Եւ այս իրավիճակում առնվազն տարակուսելի է այն, որ մինչեւ այժմ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած ՀՀԿ-ն հիմնադրամ չի ստեղծել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ՀՀԿ-ում քննարկվող գլխավոր թեման հանրաքվեի շտաբի պետի հարցն է: Երեւի հենց դա է պատճառը, որ դեռեւս հիմնադրամով չեն հետաքրքրվում:

 

 

 

 
ՄԽԻԹԱՐԱԿԱՆ

Եվրոպական դատարանի Մեծ պալատը երեկ հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը, որով արձանագրվեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Այսպիսով` դեռեւս 2007թ.-ից սկսված այս դատական գործընթացը ստացավ իր վերջնական հանգուցալուծումը, քանի որ ՄԻԵԴ 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի վճիռը վերջնական է եւ այն, փաստորեն, ամրագրեց խոսքի ազատության իրավունքի գերակայությունը: Սակայն չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը հօգուտ Փերինչեքի էր, Հայաստանի դատախազությունը շտապեց հաղորդագրություն հրապարակել` վստահեցնելով, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից»:
Ավելին` ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործում Հայաստանի կարգավիճակի եւ դատարանին ներկայացրած պահանջների տեսանկյունից դրական գնահատական տվեց վճռին` անգամ պնդելով, թե այդ առումով հայկական կողմն իր նպատակին հասել է. «Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որ Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ այդ ակնկալիքները իրականացել են: Իրականում առավել քան ակնհայտ է, որ խրթին իրավական ձեւակերպումների տակ փորձ է արվում քողարկել հայկական կողմի կրած պարտությունը, եւ թերեւս այս հարցում առավել անկեղծ է ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոստովանելով, որ «կարող էր եւ ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող նախորդ խնդրահարույց ձեւակերպումները: Բնական է՝ կարող էր ավելի լավ լինել, եթե դատարանը հաստատեր, որ Փերինչեքի հայտարարություններն ատելության կոչեր էին»:
Ինչեւէ, հայկական կողմին «բավարարած» այս վճիռը Թուրքիայում վայրկենապես բարձրացրեց ցնծության համընդհանուր ալիք, Անկարայում ամենաբարձր մակարդակով հնչեցին հայտարարություններ, թե հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նման վճռի կայացմամբ ՄԻԵԴ-ը վերջ դրեց «հայերի 100-ամյա ստին»: Եւ կասկածից դուրս է, որ այս վճիռը որպես նախադեպ` լրջագույն ազդեցություն է ունենալու Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ նախկինում կիսատ քայլեր արած այնպիսի երկրների վերջնական որոշման վրա, ինչպես, օրինակ, Ֆրանսիան է: Հիշեցնենք, որ այստեղ համապատասխան օրինագիծը չընդունվեց հենց խոսքի ազատության իրավունքին հակասելու պատճառաբանությամբ: Փերինչեքի այս վճռից հետո դժվար թե Ֆրանսիայի սենատը դարձյալ ձեռնամուխ լինի այդ օրինագծի ընդունմանը: Եւ այս պարագայում հայկական կողմի «բավարարված լինելու» մասին պնդումներն ավելի շատ նմանվում են պարտված սրտի մխիթարանքի:




Լրահոս