Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով դատական ակտը:
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3, իսկ Ներսես Մելքոնյանը 2 տարի ազատազրկման
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Վալերիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն օրը ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել է Գոռ Առաքելյանի հետ:
Վիճաբանության րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Ներսես Մելքոնյանին։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան