Վերջին տասը տարիների ընթացքում երգիչ Արման Հովհաննիսյանը հաճախ է շրջագայում արտերկրում, հանդես գալիս եվրոպական եւ ամերիկյան հայտնի բեմերում: Նրա այցելությունների ընթացքում կայանում են նաեւ գործնական հանդիպումներ երաժիշտների, երգիչների հետ, որոնց թվում լինում են նաեւ աշխարհահռչակ դեմքեր: Վերջերս էլ Արմանը համաշխարհային աստղերից մեկի հետ հետաքրքիր հանդիպում է ունեցել:
Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Nokia կինոթատրոնում տեղի է ունեցել իռլանդացի հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր Քրիս դե Բուրգի մենահամերգը, որին, որպես հատուկ հյուր, հրավիրված է եղել Արման Հովհաննիսյանը: Վերջինս հրավիրվել է հենց Քրիս դե Բուրգի ցանկությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Արման Հովհաննիսյանի PR մենեջերը՝ Լուսինե Արշակյանը: Համերգի ընթացքում Քրիս դե Բուրգը եւ Արման Հովհաննիսյանը հանդես են եկել զուգերգով: Նրանք կատարել են համաշխարհային հիթ դարձած «Lady in red» երգը: PR մենեջերի փոխանցմամբ` դահլիճում հիմնականում եղել են օտարազգիներ:
«Արմանը իր հայ լինելու փաստը ընդգծելու եւ օտարազգի հանդիսատեսին հայերենին ծանոթացնելու նպատակով Քրիս դե Բուրգին խնդրել է, որ ինքը «Lady in red» երգից մի քառատող կատարի հայերենով: Այդպիսով` երգը հնչել է անգլերենով, իսկ դրա մեկ քառյակը Արմանի կողմից կատարվել է մեր մայրենի լեզվով: Օտարազգի հանդիսատեսը ջերմորեն է ընդունել այդ կատարումը: Արմանը շատ դրական էմոցիաներով է լցվել»,-պատմեց PR մենեջերը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա մի քանի օրերին Արման Հովհաննիսյանը կվերադառնա Երեւան: Մեր այն հարցին, թե արդյոք կան նոր ստեղծագործություններ, որոնց վրա աշխատում է երգիչը, եւ երբ սպասենք նրա երեւանյան մենահամերգին, Լ. Արշակյանը պատասխանեց. «Արդեն կան նոր երգեր, որոնք առաջիկայում կմատուցվեն հանդիսատեսին, իսկ Հայաստանում նրա մենահամերգն անպայման նախատեսված է, սակայն այս պահի դրությամբ կդժվարանանք որեւէ ժամկետ նշել»:
Աննա Բաբաջանյան