Սերգո Կարապետյանը ՀԲ-ի հետ քննարկել է անտառների արդյունավետ կառավարման ծրագրի ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի  պատվիրակությանը, որի կազմում էին բնապահպանական գծով ավագ տնտեսագետ, FLEG ծրագրի ղեկավար Գայանե Մինասյանը, անտառային ոլորտի ավագ մասնագետ Տուուկկա Կաստրենը, բնապահպան  Վլադիսլավա Նեմովան, FLEG ծրագրի հայաստանյան համակարգող Արուսյակ Ալավերդյանը: Այս մասին ArmLur. am-ը տեղեկանում է Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ) Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավման» երկրորդ (ENPI FLEG 2) ծրագրի ընթացքը և նախանշել համագործակցության առաջիկա ծրագրերը:

«Վերջին տարիներին մեր երկրում բավականաչափ աշխատանք է տարվել անտառների պահպանման և արդյունավետ կառավարման ուղղությամբ, նվազել են ապօրինի անտառային հատումները, սակայն ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ակնկալում ենք միջազգային կառույցների, այդ թվում` նաև Համաշխարհային բանկի աջակցությունը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Մասնավորապես, նախարարի խոսքով, ոլորտում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններից բացի, զգացվում է տեխնիկական օժանդակության, նորագույն սարքավորումների ներդրման կարիք, որոնք թույլ կտան մշտադիտարկումներ իրականացնել անտառային տարածքներում` դրանով իսկ նպաստելով անտառների վերականգնմանն ու առավել արդյունավետ կառավարմանը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս պետությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները անտառային տարածքների ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ENPI FLEG 2 ծրագրի ընթացքը, որի նպատակն է աջակցել անտառների արդյունավետ կառավարմանը՝ անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման միջոցով:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են Համաշխարհային բանկի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ անտառային ոլորտի բարելավման ուղղությամբ և շեշտել, որ ծրագրի ավարտից հետո բանկը նպատակադրված է շարունակել օժանդակել Հայաստանին այս հարցում:




Լրահոս