
Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետների մասին է: Սույն փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի է դժգոհությունը մասնավորապես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից: Առաջին հայացքից տարօրինակ է թվում Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, քանի որ սույն մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական թվերի, գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել է, սակայն մարզկենտրոն Եղեգնաձորում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարզպետների փոփոխությունը ծրագրված է իրականացնել ապրիլի 9-ից հետո: