«Ընտրական վկայականի» ներդրման դեպքում իշխանությունները կզրկվեն արտագաղթած ընտրող ունենալու հնարավորությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվա դրությամբ 176 հազար ՀՀ քաղաքացի փաստացի զրկված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից: Բանն այն է, որ հենց այդքան մարդ ունի միայն նույնականացման քարտ եւ ոչ անձնագիր: Այս թիվը, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, տրամադրեցին ՀՀ ոստիկանությունից: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները ուղիներ են փնտրում, որպեսզի ընտրողներին թույլատրեն նույնականացման քարտերով եւս քվեարկել: Ու եթե այդ մոտեցումը կյանքի կոչվի, ապա դա ընտրությունները կեղծելու լրացուցիչ գործիք կդառնա: Ինչպե՞ս, բացատրենք: Մեկ մարդը հնարավորություն կունենա ուրիշների փոխարեն տարբեր տեղամասերում անթիվ քվեարկել՝ ընտրացուցակները լրացնող ՏԸՀ անդամի օժանդակությամբ, քանի որ երկրի ներսում գործածվող նույնականացման պլաստիկ քարտի վրա բնակության հասցե չկա նշված: Իսկ այդ քարտը կարդացող սարքերը թանկ են եւ անգամ մասնավոր շատ բանկերում չկան տեղադրված:

Բայց մյուս կողմից էլ հարյուր-հազարավոր մարդիկ չեն կարող ընտրելու իրավունքից զրկվել: Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Այս թնջուկի լուծումը աշխարհի շատ երկրներում, այդ թվում մեր հարազատ Ֆրանսիայում, արդեն լուծվել է «ընտրական վկայականների» ներդրմամբ: Այդ համակարգի էությունն այն է, որ քաղաքացուն ընտրությունների համար առանձին փաստաթուղթ է տրվում, որը անձնագրի պես հատուկ պաշտպանվածություն ունի: Եվ ընտրական ցուցակներում էլ ընդգրկվում են միայն այն քաղաքացիների անունները, որոնք դիմել եւ ստացել են այդ փաստաթուղթը: Իհարկե, դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ նման համակարգ ներդնելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ. ժամանակ չկա, բայց 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել: Բայց արդյո՞ք ՀՀ իշխանությունները կցանկանան գնալ այդ օրինական ճանապարհով. բանն այն է, որ այդ դեպքում ընտրացուցակները եւս մեխանիկորեն կմաքրվեն «գոյություն չունեցող» կամ արտագաղթած ընտրողներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս