Հիմա շատ բան կախված է Հայաստանից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության հետ բանակցությունները Հայաստանին մանեւրելու հնարավորություն են տալիս, եւ հիմա շատ բան կախված է հենց Հայաստանից: Այս կարծիքին է ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչեւը:

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի խորհուրդը, հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին մանդատ էր տվել Եվրահանձնաժողովին` նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Նոր փաստաթուղթը փոխարինելու է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ժամանակին կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին:

«Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Կոնստանտին Կալաչեւն ասաց. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն կողմնակից է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը «Արեւելյան գործընկերության»՝ փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված է մինչեւ տարվա վերջ: Նոր փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի բանակցությունների ավարտին, թույլ կտա Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ մի ձեւաչափով, որը չի խոչընդոտի երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):

Հայաստանը մանեւրելու տարածություն է ստանում: Ինչպես հայտնի է, Երեւանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովին պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու եւ եվրասիական ինտեգրացիային մասնակցելու ցանկության մասին: Ավելի ուշ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին: Բայց խնդիրն այն է, որ հայ հանրության մի մասի համար առաջվա պես տեսանելի չեն այդ անդամակցության օգուտները: Դա ինչ-որ չափով հարկադրաբար կատարված քայլ էր: Այժմ Հայաստանի ղեկավարությունը նոր փոխանցում է ստանում ԵՄ-ից: Կընդունի, թե ոչ՝ հարցրեք պարոն Սարգսյանին»:

Հնարավո՞ր է, որ Մոսկվան այս անգամ էլ խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Պատասխանելով այս հարցին՝ Կալաչեւն ասաց, որ Ռուսաստանը հիացած չէ Հայաստան-ԵՄ հարաբերություններով, բայց եթե համաձայնագիրը չի խախտում ԵՏՄ-ի կանոնները, դեմ լինելու բան էլ չկա. «Ես չէի ցանկանա Մոսկվային դարձնել հրեշ Հայաստանի ապագայի հարցում: Հոգեբաններն այդպիսի ռեակցիան անվանում են փոխանցում եւ փոխարինում: Ամեն ինչ Հայաստանի հասարակության ձեռքերում է»:

Մեր զրուցակիցը հարցը քննարկեց նաեւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես այսօր Մեծ Կովկասում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:

«Ակտիվացել է ամեն ինչ: Հարավային Օսիայի ղեկավարը կոչ է անում հանրաքվե անցկացնել ՌԴ-ին միանալու համար: Ադրբեջանն ակտիվացել է Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեծ խաղ է ընթանում: Հիմա շատ բան կախված է Հայաստանից: Երկու աթոռի վրա նստելն այնքան էլ հարմար չէ, բայց խելոք գառը, ինչպես ասում են, երկու մոր կաթ է ուտում»,- նշեց Կոնստանտին Կալաչեւը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս