Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆալուլտետն երեկ գիտխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ միաձայն որոշվել է դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ ոչ: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում: Չենք ուզում հիմնավորել, մենք ուղղակի ոչ ենք ասում ու վերջ»,- ասել է պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը երեկ երեկոյան է իմացել հրավիրված նիստի մասին և մանրամասներին չի տիրապետում. «Իրենք ուղղակի ասել են, որ կարելի էր հիմա չանել, որովհետև պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, կարելի էր հետաձգել դա: Դիմե՛ք ֆակուլտետի դեկանին»,- մի քանի անգամ մեր բոլոր հարցերին ի պատասխան հորդորեց ռեկտորը: Անգամ հարցին՝ ինքն անձամբ դե՞մ է, թե՞ կողմ փոփոխություններին, կրկին նույն պատասխանը տրվեց:
Այդուհանդերձ մենք պնդեցինք՝ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդեպ իր կողմից ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, պատասխանեց. «Ո՛չ: Մնացած հացերը դեկանից ճշտեք»:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: