Կառավարության նիստից հետո լրագրողները սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեցին Հայաստան-Ալբանիա խաղի վերաբերյալ առաջացած սկանդալից:
Ղազարյանը նշեց` չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունակ է ֆուտբոլային խաղ վաճառել: «Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, ինչի՞ պիտի գնար»,- նշեց նախարարը:
Լրագրողների հարցին` չե՞ք պատրաստվում հետաքննություն իրականացնել, նախարարը հայտնեց, որ իր կարծիքով` ինչ-որ պետք է արվում է: Սպորտի նախարարը նաև նշեց, որ տեղյակ չէ` ինչ է կատարվում ՀՖՖ-ում: Երբ նրա այս խոստովանության վերաբերյալ լրագրողներն իրենց զարմանքը հայտնեցին, նախարարը շտապեց սրբագրել իր խոսքերը:
«Ես տեղյակ եմ, թե յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք հասարակական կազմակերպություն են: Յուրաքանչյուր հարցի հետ աշխատում ենք միասին, աջակցում ենք»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների գումարներ են տրվել` հանդիպումը պարտվելու համար: Ֆուտբոլի Ֆեդերացիան, սակայն, պաշտոնապես ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել: