ՀՌԱԿ-ՈՒՄ «ԽԱՌԸ» ԻՐԱՎԻՃԱԿ Է, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՆԵՐ ԵՆ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Չեխիայում հաստատված ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը:

-Պարո՛ն Առաքելյան, նոյեմբերի 19-ից 23-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունենալու «Ռամկավար ազատական կուսակցության» 27-րդ համագումարը, Դուք մասնակցելո՞ւ եք կուսակցության համագումարին, արդյո՞ք որեւէ ձեւով այդ աշխատանքներին ներգրավվելու եք:
-Բնականաբար ոչ, քանի որ 2012 թվականի ամռանը ՀՌԱԿ-ը ենթարկվելով պետականորեն կազմակերպված տեռորի՝ հայտարարեց, որ բոլոր կառույցները դադարեցնում են իրենց գործունեությունը հայրենիքում: Եվ այս պայմաններում հնարավոր չէ պատգամավոր ընտրել ու մասնակցել ՌԱԿ 27-րդ պատգամավորական Ժողովին:
-Իսկ ՀՌԱԿ ներկայացուցիչները մասնակցե՞լ են սփյուռքի կուսակցության համագումարներին:
-Իհարկե, մասնակցել են, ինքս 2003-ից սկսած մասնակցել եմ, իսկ 2006 թվականից ղեկավարության մաս կազմել: Ավելին ասեմ՝ 2009 թվականին Հորդանանում տեղի ունեցած համագումարում ընտրվել եմ փոխատենապետ: Իսկ ինչո՞ւմ է կայանում Ձեր այս հետաքրքրությունը:
-Նախօրեին ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել է.«Մենք չենք մասնակցում, որովհետեւ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը», առանձին կազմակերպություն է: Նույն անունը կրող եւ սփյուռքի ռամկավարների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող, եւ մենք չենք մասնակցում, այսինքն՝ մենք պատգամավորներ չենք ուղարկում: Այդպես է, ՀՀ օրենքը թույլ չի տալիս դրսից ղեկավարվել, 24 տարի առաջ, երբ որ ստեղծվեց կուսակցությունը, այդպես էր եւ մինչեւ հիմա մնում է այդպես»:
-Դե լավ էլի, մեծ մարդ է, բան է ասել, Դուք էլ ֆիքսվել եք…
-Ստացվում է, որ Հ. Ավետիքյանի հայտարարությունը իրականության հետ կապ չունի՞, եթե Դուք հայտարարում եք, որ միշտ մասնակցել եք սփյուռքի կուսակցության աշխատանքներին եւ դեռ ընտրվել եք ղեկավար կազմում:
-Որպեսզի Ձեզ համար պարզ լինի, նշեմ, որ համաձայն սփյուռքի կուսակցության կանոնադրության՝ 2006-ից հետո ՀՌԱԿ-ին հատկացվել էր բացառիկ հնարավորություն ունենալ 7 պատգամավոր, եւ իմ նշած հորդանանյան համագումարին հենց 7 պատվիրակով էլ մասնակցել ենք, կարող եմ ֆոտո եւ տեսաժապավեններ ներկայացնել: Իսկ որ ծերուկ-բենամուկը վաղուց անտանելի է դարձել, դա փաստ է:
-Բայց հնարավո՞ր է՝ առաջիկայում Հ. Ավետիքյանը սփյուռքի անունից հանդես գա սահմանադրական փոփոխությունների օգտին:
-Ինքը ասեց, ու ժողովուրդն էլ հերթեր գոյացրեց ընտրատեղամասերի առջե՞ւ: Ողորմելի է վարչակազմը, եթե մնացել է այդ ծերուկի աջակցությանը, որի քարոզչությունը իրականում հենց հակաքարոզչություն էլ կլինի, թող հայտարարի, ավելի լավ:
-Հ. Ավետիքյանը նշել է նաեւ, որ ըստ իրենց կուսակցության կանոնադրության՝ համագումարներն անց են կացվում 3 տարին մեկ անգամ, ուստի հաջորդը լինելու է այս ամսվա վերջին: Բայց «Կուսակցությունների մասին» օրենքի հոդված 18-ի 1-ին կետով հստակ ամրագրված է. «Կուսակցության բարձրագույն մարմինը կուսակցության համագումարն է, որը հրավիրում է կուսակցության մշտական գործող մարմինը առնվազն 2 տարին մեկ անգամ»: Այդ դեպքում ինչպե՞ս է Հ. Ավետիքյանի նորաստեղծ կուսակցությունը գրանցվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, երբ նման սխալ կա կանոնադրության մեջ:
-Դե, այդ ծերուկը «այնքան է գործ տվել» իր վախվորած կյանքում, որ հիմա սկսել է ինքն իր հանդեպ «գործ տալ»: Եթե ասում է, որ համագումար չի հրավիրվել անցյալ տարի, ապա կուսակցությունն արդեն օրենքից դուրս է: Բայց ո՞վ է դրան ուշադրություն դարձնում, կամ ում է պետք նա իր «անորսալի Ջո»-ի կարգավիճակով: Իսկ նրան կուսակցապետ հաստատողը մի ղզիկ էր, որը գանձագողի քավորությամբ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:
-Ի՞նչ եք կարծում՝ ՀՌԱԿ-ը երբեւէ կարո՞ղ է վերադառնալ քաղաքական համակարգ եւ զբաղեցնել իր պատվավոր տեղը գոնե ավանդական կուսակցությունների շարքում:
-Միանշանակ: Ինձ լավատեսություն է տալիս այն, որ իմ ատենապետության տարիներին առաջին անգամ Հայաստանում եւ Արցախում կազմակերպեցինք երիտասարդական բանակումներ, որտեղ սփյուռքահայ երիտասարդները հաց կիսեցին հայ զինվորի հետ, կուսակցություններ միավորվեցին ՀՌԱԿ-ին: Նաեւ խիստ որոշակի բաշիբոզուկների սպասվելիք անփառունակ ապագան:.
-Պարո՛ն Առաքելյան, ստացվում է, որ Հայաստանից Ձեր հեռանալուց հետո սա սփյուռքի առաջին համագումարն է, որին ՀՌԱԿ ներկայացուցիչ ներկա չի լինելո՞ւ:
-Ո՛չ, 2012 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցավ համագումար, որտեղ ՀՌԱԿ-ը ներկայացված չէր, ծերուկ-բենամուկի տվայտանքներն էլ այդ օրերին աննկատ մնացին սփյուռքի կողմից, իսկ ավելի պարզ արհամարհվեցին:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ ամենի պատճառը: Զարմանալի է նաեւ, որ Հակոբ Ավետիքյանը ինքը սփյուռքահայ է, կուսակցական է դարձել սփյուռքում, բայց արհամարհվո՞ւմ է հենց սփյուռքյան ղեկավարության կողմից:
-Մեղավորը ինքն է: Նա գանձագող նախկին վարչապետի անմիջական ցուցումով ստալինյան մեթոդներով 2009-ից պայքար բացեց ՀՌԱԿ-ի դեմ` անանուն մեղադրանքներ տպագրելով Արա Աբրահամյանի անձնական օգտագործման «Ազգ» թերթում, վարչակազմն էլ, օգտվելով դրանից, անցավ բռնաճնշումների. տեղի ունեցան 50-ից ավել ընկերների բազմակի հարցաքննություններ, որոնցից ոստկանները ցանկանում էին իմ դեմ ցուցմունք կորզել, եղան խուզարկություններ մեր գրասենյակներում եւ իմ տանը, եղավ ձերբակալություն, բնականաբար, այդքանից հետո սփյուռքի կուսակցությունը զզվանքով սկսեց վերաբերվել Ավետիքյանին, չնայած մինչ այդ էլ նույնն էր:
-Իսկ ի՞նչ էին իրավապահները փնտրում այդ խուզարկությունների ժամանակ:
-Դե, դա մի կապիկություն էր, որի իրական նպատակն էր գտնել նաիրիտյան իմ բացահայտումների սկզբնաղբյուրը:
-Բայց ինչ-որ բան կարողացա՞ն գտնել:
-Հետագայում, իհարկե, գտան՝ 7 բաց ֆաքսերի տեսքով, բայց արդեն մամուլի էջերում միայն:

 

 

 

 

 
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ, ԵՐԲ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾՎԻ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը ադրբեջանական «Ապպա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Խաղաղապահների տեղակայումը կիրականացվի այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կողմերը համաձայնության հասնեն»:

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում լարվածության աճ է նկատվում: Երկու կողմերը կորուստներ են կրում: Դրա հետ կապված՝ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս: Սակայն վերջիններս չեն նշում, թե ով է պատասխանատու այդ ամենի համար»,-իր հարցազրույցում նշել է Պոպովը: Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման համար կողմերն ավանդաբար միմյանց են մեղադրում. «Ո՛չ համանախագահները, ո՛չ ԵԱՀԿ մոնիտորինգային խումբը, որը գտնվում է կոնֆլիկտի գոտում, հնարավորություն չունեն մեղավորների սահմանել՝ առանց համապատասխան հետաքննությունների անցկացման»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են ԼՂՀ իշխանությունները վերաբերվում խաղաղապահների ներգրավման հարցին:
-Պոպովը խոսել է ընդհանրապես խաղաղապահների գաղափարի մասին, ինքը չի նշել, որ իրենք պետք է վաղը կամ մյուս օրը գան կամ ընդհանրապես չպետք է գան: Պետք է նշեմ, որ բոլոր բանակցությունների ընթացքում խաղաղապահները եղել են խաղաղ կարգավորման տարրերից մեկը: Բայց կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ նրանք պետք է տեղակայվեն այսօր, վաղը, կամ առանց դրա անհնար է կարգավորել հակամարտությունը, արդեն 21 տարի է՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվում է առանց խաղաղապահների: Սա է մեր պատկերացումը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք ու մենք դեմ չենք այդ գաղափարին: Բայց խաղաղապահները միայն վերջակետն է լինելու հակամարտության կարգավորման մեջ, երբ որ արդեն ամեն ինչ կարգավորված լինի, երբ որ արդեն Արցախի Հանրապետությունը ճանաչվի Ադրբեջանի կողմից ու հակառակը՝ Ադրբեջանը՝ Արցախի Հանրապետության կողմից, կլուծվեն սահմանների հարցը, քաղաքական, մարդասիրական բոլոր խնդիրները, մենք դրանից հետո որպես միջազգային հանրությանը տուրք մատուցելու… միգուցե ինչ-որ ուժեր սիմվոլիկ ձեւով սահմանի երկայնքով կարող են լինել տեղակայված: Բայց այն ժամանակ դրա կարիքը ընդհանրապես չի լինի:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԳՆՈՐԴ ՉԿԱ
«Արշակյան եղբայրներ» ընկերությունը, որը երկար տարիներ ուղեւորափոխադրումներ է իրականացրել եւ շահագործել է թիվ 30 եւ 67 երթուղիները, տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում վաճառել աճուրդի հանած շարժական գույքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 14-ին նշանակված աճուրդ-վաճառքը հայտ չլինելու պատճառով չի կայացել: Իսկ հաջորդ աճուրդ-վաճառքը նշանակվել է հոկտեմբերի 30-ին, այն կանցկացվի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի շենքում: Նշենք, որ սնանկացած ընկերությունը աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Մասնավորապես, աճուրդի հանված շարժական գույքը «ԳԱԶ 32213-220» տեսակի դեղին գույնի միկրոավտոբուսներ են, որոնց յուրաքանչյուրի գինը 1.5 մլն դրամի սահմաններում է:

 

ԱՆՀԱՅՏ Է
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 51 հազար դոլար արժեքով գնել է մեկ բնակարան եւ 8 հազար դոլարով՝ «Toyota Yaris 1.4» մակնիշի ավտոմեքենա: Անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, 31 հազար դոլար եւ 19 հազար եվրո: Մինչդեռ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 410 հազար դրամ: Ի դեպ, Լիզա Գրիգորյանը Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր է նշանակվել 2013 թվականին: 40-ամյա դատավորը 2013-ին ներկա պաշտոնում նշանակվելիս հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ «Volkswagen Passat 1.8 T» մակնիշի ավտոմեքենա, 10 մլն դրամ, 82 հազար դոլար եւ 23 հազար եվրո: Կարելի է կարծել, որ նա մինչեւ դատավոր դառնալը եղել է գործարար, բայց մի օր էլ քնից արթնացել եւ որշել է դառնալ դատավոր:

 

ԱՆՀԱՋՈՂ ԶԱՎԱԿՆԵՐ
2015 ընթացքում «Մասիս Տոբակո» ընկերությունը շուրջ 15 հայց է ներկայացրել տարբեր քաղաքացիների դեմ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը տարբեր քաղաքացիներին փոխառությամբ գումարներ է տվել, սակայն նրանք չեն կարողացել պարտքը վերադարձնել, եւ ընկերությունը դիմել է դատարան: Օրինակ՝ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն 2015թ հուվարի 1-ին դիմել է Տավուշի մարզի դատարան ու Զավեն եւ Վահագ Պապյաններից պահանջում է հետ վերադարձնել իր գումարը: Իսկ թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի է, որ ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Պապյանների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Աշոտ Խաչիկյանը բավարարել է:
Մնացած 14 գործերով «Մասիս Տոբակոյի» եւ պատասխանողների միջեւ հաշտություն է կնքվել, եւ պարտապանները վերադարձրել են ընկերության գումարները: Հիշեցնենք, որ «Մասիս Տոբակո» ընկերությունը պատկանում է Վարդանյանների ընտանիքին:




Լրահոս