ՈՒՄԻՑ ԵՆ ՔՆՆԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԲԱՔՈՒ ՓԱԽԱԾ «ՏՈՒԺՈՂԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներազգային ազատագրական շարժման» տխրահռչակ ղեկավար, ներկայումս Բաքվում հակահայկական հայտարարություններ անող Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու գործը, որը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնում, փակուղի է մտել: Ու թեեւ տուժողը երկրում չէ, այնուամենայնիվ, հարուցված քրեական գործը մինչ օրս ո՛չ կասեցվել է ո՛չ կարճվել:

Ինչպես հայտնի է՝ 2015թ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժման» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում էր տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են: ՀՀ քննչական կոմիտեն Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծ):
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը ապրում էր Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 24 հասցեում: Նա այդ օրը վիճել էր ընտանիքի անդամների` մոր, կնոջ հետ, որին միջամտել էին հարեւանները` Վահագն Խասապետյանը եւ նրա ընկեր Ալբերտ Ֆահրադյանը: Նրանց միջեւ սկսվել էր ծեծկռտուք: Դեպքից հետո ակտիվիստը հայտարարել էր, թե իր հարեւանները ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են եւ նրա պատվերն են կատարում:
Եւ մինչ կապացուցվեր, որ նրան ծեծի ենթարկելու պատճառը ամենեւին էլ իր ակտիվ գործունեությամբ չէ պայմանավորված, այլ կենցաղային վեճ է, այդ ընթացքում Վահան Մարտիրոսյանը 5 օր ապաստանելով քաղաքացի Ռուզան Մարգունու բնակարանում եւ այնտեղից գողանալով 3820 ԱՄՆ դոլար՝ սեպտեմբերի 4-ին հատեց ՀՀ սահմանը եւ ապաստան գտավ Բաքվում:
Նշենք, որ գողության դեպքից հետո Վահան Մարտիրոսյանը ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված երկու քրեական գործերով էր անցնում` ծեծ եւ գողություն, մեկով՝ տուժող, մյուսով` մեղադրյալ:
Այսպիսով, այսպես ասած՝ ակտիվիստի կողմից Հայաստանը լքելուց հետո անցել է 1,5 ամիս, ու, ըստ ամենայնի, ծեծի գործը փակուղի է մտել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահան Մարտիրոսյանի հետ վիճաբանած տղաները` Վահագն Խասապետյանը եւ նրա ընկեր Ալբերտ Ֆահրադյանը, հայտնեցին, որ Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանից փախչելուց հետո իրենց քննչական մարմին չեն հրավիրել. «Դե, ինչ հրավիրեն, Վահան Մարտիրոսյանը թողել գնացել է, էլ ի՞նչ ընթացք տան»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում ակտիվիստին ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեկ ամսից ավելի է, ինչ լքել է Հայաստանը: Ի պատասխան մեր հարցման՝ կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Հետաքրքիր է՝ Քկոմիտեն տուժող Վահան Մարտիրոսյանին ումի՞ց է պաշտպանում, երբ նա լքել է Հայաստանը` դավաճանելով մեր երկրին:
Ավելին` սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ գողության մեջ մեղադրվող, ընտանիքի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Սա նշանակում է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող ծեծի գործն «օրակարգից դուրս է հանվել», եւ ՀՀ քննչական կոմիտեում այս օրերին քննում են միայն Վահան Մարտիրոսյանից տուժած Ռուզան Մարգունու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը` գողություն: Սակայն Քկոմիտեն տեղեկացրեց, թե շարունակվում է նաեւ ծեծի գործի նախաքննությունը՝ արդյո՞ք քննիչը վստահ է, որ Վահան Մարտիրոսյանը կհայտնաբերվի մոտ օրերս: Դժվար է ասել:
Բայց փաստ է, որ ՀՀ քննչական կոմիտեն եւ, ընդհանրապես, իրավապահ մյուս կառույցները օպերատիվ կերպով կարճում են բացառապես այն գործերը, որոնք վերաբերում են այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի կամ նրանց զավակների արարքների առիթով հարուցված քրգործերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի առաջին տանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դիմակավորված երեք անձ ներխուժել են նշված հասցե եւ դաժան ծեծի ենթարկել տան անդամներին:
Դիմակավորված 3 անձինք մտել են ազգությամբ եզդի Շիրին Ալիյանի եւ Թառլան Սայդոյանի տուն եւ պահանջել գումար: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք նախ կապել են ամուսինների ձեռքերը, բերանը ու սկսել սպառնալ, թե կսպանեն, եթե վերջիններս չասեն, թե որտեղ են թաքցնում իրենց գումարները:
Ըստ երեւույթին, ամուսինները դիմադրել են դիմակավորված անձանց եւ չեն ցանկացել հայտնել, թե որտեղ են պահում իրենց գումարը կամ ոսկյա զարդերը: Արդյունքում, գողերը դաժանորեն ծեծել են ամուսիններին, որից հետո բնակարանը տակնուվրա անելով՝ տարել են ոսկյա զարդեր եւ գումար:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկանալով՝ շտապել է այնտեղ. «Գնացի, տեսա, հանդիպել եմ նաեւ իրավապահների հետ, որպեսզի ամեն ինչ անեն՝ այս գործը բացահայտելու համար, շատ դաժան են վարվել: Ամուսինները մենակ են ապրում: Միթե արդար էր այսպես վարվել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շիրին Ալիյանն էլ հայտնեց, որ գտնվում է առաջին համալսարանական հիվանդանոցում. «Բժիշկները հետազոտում են՝ հասկանան, թե ինչ վնասվածքներ ունեմ, մինչեւ տեսնեմ՝ ինչ կլինի»: Նշենք, որ դիմակավորված անձանց դեռեւս չեն հայտնաբերել: Կատարվում է քննություն:

 

ԹՄՐԱՄՈԼ Է
Դեռեւս 14 տարեկան հասակից Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, թմրամիջոցներ եւ ոգելից խմիչքներ է օգտագործել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով՝ ռուսական կողմում կատարված փորձաքննությունների եզրակացություններում եղել են տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ չի կարելի ասել, թե Վալերի Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն է եւ որ ունի լուրջ խնդիրներ:
Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ հայկական կողմի հոգեբանները եւ հոգեբույժները եզրակացրել են, որ Վալերի Պերմյակովը ունի խնդիրներ. ըստ եզրակացության՝ նա ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով եւ հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լուսինե Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն եւ ֆանտազյորություն, նաեւ հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով:

 
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
Թեեւ ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Այս մասին ասված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրությունում.«Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանի այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։ Ինչպես հայտնի է՝ ի սկզբանե նախատեսված էր ունենալ մինչեւ 1000 մեգավատանոց բլոկ։ Սակայն Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործոններով պայմանավորված՝ այժմ նպատակահարմար են համարվում ավելի փոքր հզորությունները։ Խոսքը մինչեւ 600 մեգավատանոց հզորությամբ բլոկի մասին է։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիների ընթացքում կլինեն նոր եւ ավելի արդիական տեխնոլոգիաներ՝ այդպիսի բլոկ կառուցելու համար»։

 

ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան առաջընթաց է արձանագրել Սիրիայում եւ այլ երկրներում ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիայի ընդլայնման հարցում: Նա ասել է, որ Մոսկվան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի, Իսրայելի հետ եւ քննարկել այդ երկրների հետ ահաբեկչության դեմ ուղղված հնարավոր գործողությունները:

 

ԲԻԲԻՆԻՑ ԱԶԱՏՎԵՑԻՆ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Եվգենի Բիբինը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2011 թվականին։

 

ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 50 ցմահ դատապարտյալները երեկ դադարեցրել են հացադուլը։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանց պահանջները բավարարելու հետ կապված ինչպիսի խոստումներ են տրվել եւ արդյոք տրվել են: Հիշեցնենք՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածները հոկտեմբերի 12-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել` պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը։

 

ՆՈՐ ԵՐԹ
Նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ»-ը: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։ Իսկ մեր երկրում ամեն օր, ամեն ժամ ոտնահարվում են մարդու իրավունքները, քաղաքացիների խոսքի ազատությունը»։ Հիշեցնենք, որ 2013թ. տեղի ունեցած երթի ժամանակ բերման ենթարկվեց Շանթ Հարությունյանը: Այս տարի երթը կազմակերպել է նրա որդին` Շահեն Հարությունյանը:

 

2600 ԿՐԱԿՈՑ
Հոկտեմբերի 15-ին եւ լույս 16-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (6 արկ) եւ 82 միլիմետրանոց ականանետերից (14 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար 600 կրակոց:

 

ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ
ՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: Այս մասին «Հայագրոֆորում» համաժողովի բացման ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է Կառավարությունը»,¬ ընդգծել է վարչապետը:




Լրահոս