ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿԱՐՏՈՖԻԼԸ ՁԵՌՔԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզի բնակիչներն այս տարի կանգնել են ե՛ւ սակավաբերության, ե՛ւ բերքի իրացման հետ կապված խնդիրների առջեւ: Վերավաճառողները 1 կգ կարտոֆիլի դիմաց գյուղացիներին 110-120 դրամ են առաջարկում, ինչը գյուղացուն ձեռնտու չէ: Սակայն գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ու «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը իրացման խնդիր չեն տեսնում: Նրանց պնդմամբ՝ կարտոֆիլը լավ է վաճառվում մայրաքաղաք Երեւանում, իսկ 110-120 դրամը «նորմալ» գին է:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Կարմիգյուղ համայնքի բնակիչներից մեկը՝ Գնելը, ով տասնյակ տարիներ կարտոֆիլ է մշակում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ այս օրերին գյուղ մտնող վերավաճառողն 1 կիլոգրամ կարտոֆիլի դիմաց 110-120 դրամ է առաջարկում, ինչը նկատելիորեն ցածր է նախորդ տարվա գնից: «Նախորդ տարի նույն վերավաճառողները խնդրում էին 200 դրամով կարտոֆիլ վաճառել իրենց, իսկ այս տարի 110 դրամ են առաջարկում: Մինչդեռ կարտոֆիլի 1 կգ տնկանյութը գնել եմ 250 դրամով: Ի՞նչ է, կարտոֆիլի 1 կգ-ն պետք է 110 դրամո՞վ վաճառեմ: Չէ՞ որ բացի տնկանյութից, ես նաեւ այլ ծախսեր եմ արել՝ գնել եմ թունաքիմիկատներ, պարարտանյութ, աննախադեպ սակավաջուր տարի էր, եւ հինգ անգամ ջրել եմ: Դա էլ է գումար, չէ՞»,- զայրացավ Գնելը:
Մեկ այլ կարտոֆիլագործը՝ Միշան, ափսոսանքով նկատեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի բերքատվությունը սակավ է եղել: «Բացի այն, որ կարտոֆիլի քիչ քանակություն ենք հավաքել, սրան էլ գումարվել է ցածր գինը: Այս պահին ունեմ ավելի քան 7 տոննա կարտոֆիլ, բայց շիվարել եմ, չգիտեմ ինչ անել: Քանի որ վերավաճառողների առաջարկած 110-120 դրամ գինը ձեռնտու չէ: Ծախսեր եմ արել՝ վարել եմ, ցանել, տեխնիկայով ենք քանդում կարտոֆիլը, որը վճարովի է, թունաքիմիկատները, պարարտանյութը: Ո՞ր մեկը հաշվեմ: Ո՞րի գինն ասեմ: Իսկ ջրի համար մեծ գումարներ ենք ծախսում. օրինակ՝ 100 մետր ջրելու համար վճարում ենք 700 դրամ, իսկ 1 հա ջրելու համար՝ 70 հազար դրամ»,- ներկայացրեց կարմիրգյուղեցի կարտոֆիլագործը:
Նշենք, որ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի կարտոֆիլագործները նույնպես դժգոհություններ ունեն, նույնն պատկերն է նաեւ Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի գյուղերում:
Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի կարտոֆիլագործներն այս տարի սպասում էին մեծ քանակությամբ կարտոֆիլի բերքի, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով նրանք շատ քիչ բերք են հավաքել: Օրինակ՝ նրանցից մեկը 45 տոննայի փոխարեն հավաքել է ընդամենը 7 տոննա կարտոֆիլ: Բոլոր կարտոֆիլագործներն էլ մտահոգված են, քանի որ 110-120 դրամով կարտոֆիլ վաճառելով չեն կարող իրենց ծախսած գումարները հետ վերադարձնել: Այդպես նրանք ոչ միայն շահույթ չեն ապահովում, այլեւ վնասներ են կրում: «Միայն 180 դրամով վաճառելու դեպքում կարող ենք զրոյական եկամուտ ունենալ: Նախորդ տարի վրացի առեւտրականներին էինք վաճառում կարտոֆիլը, իսկ այս տարի գոնե մի վրացի չկա, չեն գալիս: Իսկ Հայոց բանակը կարտոֆիլի դիմաց առաջարկում է 65 դրամ, որն ընդհանրապես ձեռնտու չէ»,- տեղեկացրեց կարտոֆիլագործը:
Այն, որ այս տարի կարտոֆիլի առատ բերք չի եղել մեր հանրապետությունում, հաստատում է նաեւ Հայաստանի «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: «Այս տարի նախորդ տարվա համեմատ 10-15 տոկոս պակաս բերք ունենք: Շտապելու ոչինչ չունենք, թող մարդիկ հավաքեն ու պահեստավորեն կարտոֆիլը, իսկ գնի մասով դեռ կորոշենք»,- ինքնավստահ հայտարարեց Բերբերյանը: Թե ինչպես պետք է որոշի, չմանրամասնեց: Իսկ երբ նրան փոխանցեցինք կարտոֆիլի իրացման ցածր գնի հետ կապված գյուղացիների մտահոգությունները, չհամաձայնեց դրանց հետ եւ հայտարարեց. «Հայաստանի առաջին կարտոֆիլագործը ես եմ, ամեն մեկը երկու պարկ կարտոֆիլ է ցանում ու հայտարարում է, որ կարտոֆիլագործ է: Մեծածախ շուկան կա, գյուղացին տանում է եւ այնտեղ վաճառում: Այսօր որեւէ խնդիր չեմ տեսնում: Բացի այս, միջնորդ գործարարներ կան, ովքեր գյուղացիներից կարտոֆիլը գնում են եւ այն Երեւանում են իրացնում: Մեծածախ գինը պետք է լինի 180-200 դրամ, իսկ շուկայում այն կվաճառվի 200-230 դրամ: Ո՞վ է ասում, որ 110-120 դրամ է, այսօր 140-150 դրամից պակաս կարտոֆիլ չկա»: Ստացվում է, որ Բերբերյանը, ով հաճախակի է ելույթներ ունենում եւ հայտարարում, թե ինքը գյուղացիների կողքին է, տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը կարտոֆիլագործների մտահոգությունները փոխանցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին, ով շտապեց տեղեկացնել, որ ԳՆ-ն այստեղ անելիք չունի: «Ազատ շուկայական հարաբերություններ են: Եթե 110 դրամով անմիջապես դաշտից կարտոֆիլ են ցանկանում մեծածախ գնել, ապա չեմ կարծում, որ այն դժգոհության առիթ կտա: Դա նորմալ գին է: Ամեն դեպքում, կարտոֆիլի գնի մեծ շեղումներ չի կանխատեսվում: Մեկ կգ տնկանյութից նորմալ պայմաններում գյուղացին կարող է 8-10 կգ պարենային կարտոֆիլ հավաքել»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ նախորդ տարի այս ժամանակահատվածում կարտոֆիլի մեծածախ գինը բարձրացավ մինչեւ 230 դրամ: Դա պայմանավորված էր Վրաստանում կարտոֆիլի դեֆիցիտով: Նախորդ տարի ՌԴ-ում նույնպես կարտոֆիլի լուրջ դեֆիցիտ է արձանագրվել եւ կարտոֆիլի զգալի քանակություն արտահանվել է Վրաստան եւ ՌԴ: «Հիմա ՌԴ-ում, մեր ունեցած տեղեկություններով, կա բավականին լավ բերք, Վրաստանում՝ նույնպես: Հետագայում թե ինչպիսին կլինի տեղաշարժերը, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը փոխնախարար Պետրոսյանից հետաքրքրվեց՝ կարտոֆիլի արտահանման մասով ԳՆ-ն արդյոք քայլեր ձեռնարկում է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Կավարտվի բերքահավաքը, ամեն ինչ պարզ կդառնա: Եթե լուրջ քանակություններ լինեն, բնականաբար արտահանման համար կան համապատասխան կազմակերպություններ, որոնց մենք կտեղեկացնենք եւ կհորդորենք արտահանել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս