Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Թևան Պողոսյանը Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող նոր պայմանագրի տնտեսական բաղադրիչի հնարավորությունները, 2013-ին ձախողված Ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ համեմատած, որոշ չափով հետընթաց են համարում, սակայն բանակցությունների վերսկսումն արդեն իսկ դրական երևույթ են գնահատում:
Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ, սակայն այն համեմատելի չէ 2013-ին ձախողված Ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ:
Փոխնախարարը նաև հստակեցրել էր, որ բացառվում է Եվրամիության հետ առանց մաքսատուրքերի առևտուրը, որը, սակայն նախատեսված էր ազատ առևտրի համաձայնագրով:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ամենասկզբից մեզ առաջարկվում էր առանց մաքսատուրքերի առևտուրը: «Այդ դեպքում մենք կունենայինք ավելի մեծ հնարավորություններ: Երկարատև շահերի իմաստով ավելի լայն և մեծ շուկայի հնարավորություններ կստանայինք: Հիմա մենք հնարավորություններ, քանի որ GSP+ ծրագրով մեծ թվով ապրանքներ առանց մաքսատուրքերի են առևտուր արվում: Հիմա կբանակցվի նաև այլ ոլորտներում տնտեսական բաղադրիչ ունենալու հանգամանքը, բայց դա ինչ-որ չափով կլինի հետընթաց»- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով` արդեն իսկ դրական է, որ նոր պայմանագրում քաղաքական բաղադրիչն ամբողջովին իրականացվելու է, և սա արդեն իսկ ձեռքբերում է:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախօրեին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության նոր դեսպանի հետ, և շատ հանգամանալից քննարկել բոլոր հարցերը: «Արդեն դեկտեմբերին մեր բանակցային մեկնարկը կտրվի: Քաղաքական բաղադրիչի շուրջ առանձնապես նոր բանակցային պրոցես սկսելու անհրաժեշտություն չկա և քաղաքական մասով կարտացոլի այդպես էլ չնախաստորագրված Ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչը», – ընդգծեց նա:
Անդրադառնալով տնտեսական բաղադրիչին` Զոհրաբյանը նշեց, որ այն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ենթադրում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը: «Հաշվի առնելով, որ Հայաստանում ներդրումների 50 տոկոսը պատկանում է Եվրոպական միությանը Ռուսաստանի հետ համատեղ այն Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից է, դա անկասկած է: Իհարկե, որոշակի հետընթաց այստեղ կա` հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտավորությունները ԵՏՄ առջև», – հավելեց նա:
Զոհրաբյանի խոսքով` Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները նկատի ունենալով տնտեսական առումով կարող է գտնվել «ոսկե միջին»: ԲՀԿ ղեկավարը նաև հույս հայտնեց, որ տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցությունները երկարատև չեն լինի` եթե հաշվի առնենք նաև, որ քաղաքական բաղադրիչի շուրջ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:
Նաիրա Հովհաննիսյան