Ի պատասխան նախօրեին «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կողմից իրեն հասցեագրված քննադատական բաց նամակի՝ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բավական կոշտ կերպով հակադարձել է` նշելով, որ «զարմացած է Րաֆֆի Հովհաննիսյանի անհիմն քննադատության» կապակցությամբ. «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն: Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը»: Ահա այսպես. ո՛չ ավել, ո՛չ պակաս` Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավարը, որը հայտնի է իշխող Հանրապետական կուսակցությանը պարբերաբար հղվող հրապարակային ողջույններով ու գովաբանական ելույթներով, իրեն իրավունք է վերապահել որոշելու, թե որն է իրականությունը: Մեր` հայաստանյան իրականությունը, այն իրականությունը, որի խեղաթյուրված ներկայացման գործում իր անուրանալի դերակատարությունն ունեն նաեւ այնպիսի եվրոպացի պաշտոնյաներ, ինչպես Մարթենսն է: Բնականաբար, այդ «իրականությունը» ԵԺԿ ղեկավարին ներկայացվել է Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության որոշ երիտանդամների, իսկ միգուցե` նաեւ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, որի հետ հանդիպումից րոպեներ անց էլ Մարթենսը հանդես է եկել նման հայտարարություններով: Ընդ որում, եվրոպաշտոնյային այնքան անթաքույց կերպով են «մշակել», որ նա նույնությամբ կրկնել է իրեն մատուցված թվերը` Րաֆֆի Հովհաննիսյանի «20 տոկոս ակնկալիքների» մասին: Եվ երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն այդ մասին հայտարարեց ավելի քան ուղիղ տեքստով. «Ինքն ի՞նչ գիտի, որ ես նախատեսում էի 20 տոկոս, ստացել եմ 37 տոկոս: Դա ո՞ւմ հուշագիրն է կարդում, դո՛ւք որոշեք»: Նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրություններից առաջ հենց 20 տոկոս ձայներ էին խոստանում նախագահականի գելափյան հարցումները:
Ինչեւէ, որքան ել արեւմուտքը, գերտերություններն ու տարբեր եվրոպական կազմակերպություններ անվերապահորեն աջակցեն Սերժ Սարգսյանին, այս ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած թերեւս ամենամեծ հեղափոխությունն այն է, որ հայ հանրությունն ու ամենակարեւորը` ընդդիմության առաջնորդը, կարծես թե դադարում են կարեւորել կեղծ արժեքները, որքան էլ դրանք եվրոպական կամ ամերիկյան լինեն: «Թող ո՛չ ինքը, ո՛չ եվրոպական մայրաքաղաքները, ո՛չ ԱՄՆ-ի նախագահը, մինչեւ իրենց մեղսակից սխալի ուղղման, Հայաստանին ժողովրդավարության դասեր չտան, որովհետեւ մենք ենք բերել իսկական ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության»: