ԹԱՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Իր ելույթում նա նշեց, որ ինքը հիմա ո՛չ հացադուլ է անում, ո՛չ էլ ծոմապահություն, այլ ինքն անում է «մեր հաղթական պայքարի վճռորոշ հանգրվանում»:
Նա անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու հայտարարությանը: «Աղոթքի շրջան է, եւ ինչպես ես ամեն օր աղոթում եմ վեհափառի եւ Սերժ Սարգսյանի համար, թող իրենք էլ աղոթեն մեզ համար, ոչ թե ստի եւ կեղծիքի համար: Ես Հայ առաքելական մայր եկեղեցու որդի եմ: Մկրտվել եւ պսակվել եմ եկեղեցու մեջ: Եթե այս հաղորդագրության միջոցով ուզում են սպառնալ, որ թույլ չեն տալու ինձ թաղել Հայ առաքելական եկեղեցու մեջ, ապա դա կլինի ցանկացած անկյուն Հայաստանի, քանի որ դա իմ եկեղեցին է, իմ սրբությունն է»,-ժամանակից շուտ կտակեց Ր. Հովհաննիսյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ ինքն առանց ժողովրդի եւ ժողովուրդն առանց իրեն ոչ մի քայլ չեն անելու: 
«Սահմանադրական դատարանի վճռի մասին արդեն խոսվեց, էլ չեմ խորանա: Չնայած ի սկզբանե կար մտավախություն, որ ՍԴ-ն գործադիր իշխանության կցորդն է եւ արդար վճիռ չի կարող կայացնել, բայց որոշեցինք այդ դատարանին տալ իր վերջին հնարավորությունը՝ կիրառել իր անվանը համապատասխան՝ սահմանադրական վճիռ: Սակայն նա տապալեց վերջին փորձությունը… Չեմ կարող չասել իմ բարեկամ Հրայր Թովմասյանին՝ ի՞նչ գործ ունի արդարադատության նախարարը, որ պետք է պաշտպանի ողջ երկրի արդարադատությունը, պաշտպանելու մեկ թեկնածուի շահերը: Թեկնածու, որը կեղծեց, ծաղրեց ժողովրդի որոշումը: Ցավում եմ քեզ համար, Հրա՛յր»,-ասաց նա: Իսկ երբ մարդիկ վանկարկեցին՝ «ամո՛թ, Հրա՛յր», Րաֆֆին արգելեց. «Ոչ թե ամոթ, այլ ցավ»: 
Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ դրան մասնակցելուն: Նաեւ խոստացավ իրենց կուսակցության ավագանու ցուցակը ներկայացնել հաջորդ շաբաթ: «Երեւանի քաղաքապետը մեզանից է լինելու, դա ես չեմ լինելու, լինելու է մեզանից մեկը: Ոչ թե վերցնելու ենք քաղաքը, այլ վերադարձնելու ենք ժողովրդին»,-նշեց նա:
Ի դեպ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ելույթում կոչ էր արել Ազատության հրապարակում ձեւավորել նոր, այլընտրանքային կառավարություն: «Կա առաջարկ Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ Ազատության հրապարակում գումարել բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական գործիչները իրենց պատկերացումները կներկայացնեն նոր կառավարության ձեւավորման մասին»,-ասել էր նա: Ր. Հովհաննիսյանն էլ նշեց, որ հաջորդ կիրակի օրվանից ամեն օր՝ ժամը 17-ից, Ազատության հրապարակում հրավիրվելու է քաղաքացիական խորհուրդ, «որը բերելու է նոր դատական, գործադիր իշխանություն եւ հետո նոր՝ օրենսդիր»:
ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ ժամը 15:00-ից Ազատության հրապարակում մեկնարկել է ստորագրահավաք՝ «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում միացավ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, բացի այդ, մեկօրյա հացադուլ է անում նաեւ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը: Օրվա վերջում նրանց շարքը համալրեց սիրված երգահան Արտո Թունջբոյաջյանը՝ այցելելով Րաֆֆուն: 
Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին, Ր. Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրանք միասին զրուցեցին Րաֆֆու «vip վրանում»:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս