Արա Աբրահամյանի կողմից Պուտինի և Ռուսաստանի անունը շահարկելն ուղղակի ծիծաղելի է. Մոդեստ Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունենալու եւ նոր կուսակցություն հիմնելու ցանկության մասին: Հրավիրված ասուլիսի ժամանակ Աբրահամյանը խոսել էր նաեւ իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին՝ նշելով, որ ՌԴ-ում գործունեություն ծավալելիս կատարում է Վլադիմիր Պուտինի հանձնարարությունները եւ գործում նրա «դաբրոյով»:

Աբրահամյանի այս հայտարարությունները Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին, եւ պարզվում է՝ լավ չի ընդունվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նա ՌԴ-ում գործում է Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Այդ նույն ասուլիսի ժամանակ նա նաեւ հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում կուսակցություն ստեղծել: Այս հարցում նա նույնպե՞ս ստացել է Պուտինի «դաբրոն»:

-Հայաստանի գործիչներից ոչ ոք չի ունեցել եւ չի կարող ունենալ Պուտինի «դաբրոն»` Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, քանի որ Պուտինը նրանց հետ պարզապես չի քննարկում այդ հարցերը: Դա յուրաքանչյուրի եւ Հայաստանի ներքին գործն է:

-Սակայն նա հստակ տվել է Պուտինի անունը: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել:

-Ես չգիտեմ, թե Աբրահամյանն ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված այդպիսի խոսքեր են եղել: Վստահ եմ` հենց Աբրահամյանն էլ չգիտի:

-Աբրահամյանի հայտարարություններից հետո շատ վերլուծություններ եղան, որ Պուտինը Հայաստանի քաղաքական կյանքի վրա այնքան է կորցրել իր ազդեցությունը, որ ցանկանում է ինքնադրսեւորվել Աբրահամյանի միջոցով: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

-Այդ «շատերի» մասին կարող եմ մեկ բան ասել. հիմարների տեսակետները թող մեկնաբանեն նրանց բարեկամները, ովքեր արդեն սովորել են նրանց հիմարությունները լսելուն:

-Նկատենք, որ ՌՀՄ նախագահի հայտարարությունները Հայաստանում լավ չընդունվեցին քաղաքական, հասարակական եւ լրատվական սեկտորների կողմից, նույնիսկ նրան հումորով վերաբերվեցին: Ռուսաստանում ինչպե՞ս են վերաբերվում Աբրահամյանին, եւ ի՞նչ եք կարծում` նա կարո՞ղ է քաղաքական առումով Հայաստանում հաջողության հասնել:

-Աբրահամյանին Ռուսաստանում ճանաչում են միայն Ռուսաստանի հայերի միության անդամներն ու նրա ծանոթները: Նա որպես քաղաքական կամ հասարակական գործիչ ուղղակի գոյություն չունի, որ կարողանա Ռուսաստանում հայտնի լինելու հույս ունենալ: Այդ պատճառով Աբրահամյանի` Պուտինի և Ռուսաստանի անունը շահարկելը ուղղակի ծիծաղելի է:

-Իսկ Ռուսաստանում վստահո՞ւմ են Արա Աբրահամյանին:

-Աբրահամյանը Ռուսաստանի վստահության կարիքը չունի. նա գլխավորում է Ռուսաստանի ամենահայտնի հայկական միություններից մեկը, դա բավական է: Եթե դաշնակցականները ցանկանային, ապա հիմա իրենք Ռուսաստանում հայտնի կլինեին, քանի որ պատմականորեն ամենահայտնի հայկական կազմակերպությունը հենց դաշնակցականներն են Ռուսաստանում: Եվ միգուցե Ռուսաստանում դաշնակցականների գլխավորը կրկին Աբրահամյանը լիներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս