Հայաստանի ամենամսյա տնտեսական ցուցանիշները սկսում են դեժավյու հիշեցնել, քանի որ դրանք սկսում են իրարից գրեթե չտարբերվել, այսինքն՝ մի կողմից նշվում է, թե իբր տնտեսական աճ ունենք, մյուս կողմից էլ նույն պաշտոնական տվյալները վկայում են, որ վիճակը գնալով վատթարանում է:
Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ինն ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի օպերատիվ տվյալները, ըստ որոնց՝ նշված ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը կազմել է 3,7 տոկոս: Սակայն մյուս կողմից նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին առեւտրի շրջանառությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5,6 տոկոսով: Գումարային արտահայտությամբ առեւտրի շրջանառության անկումը կազմել է ավելի քան 100 միլիարդ դրամ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով Հայաստանի սպառողը, անցած տարվա համեմատ, աղքատացել է 100 միլիարդ դրամով:
Ի դեպ, սեպտեմբերը գյուղատնտեսության համար ավանդաբար համարվում է ամենաակտիվ ամիսը, քանի որ բանջարեղենի հիմնական բերքահավաքի եւ մթերման գործընթացին ավելանում են նաեւ խաղողի բերքահավաքն ու մթերման գործընթացը, կարտոֆիլի բերքահավաքը եւ այսպես շարունակ: Սակայն, ինչպես տեսնում ենք, գյուղատնտեսության այս բերքառատ շրջանի պայմաններում անգամ պաշտոնական վիճակագիրները չեն կարողացել առեւտի շրջանառության ծավալները «շտկել»:
Ինչեւէ, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա անցած ինն ամիսներին շինարարության ծավալները եղել են նույնքան, որքան անցած տարվա նույն ժամանակաշրջանում: Սակայն, եթե հաշվի առնենք, որ նույն այդ ինն ամիսներին ընդհանուր գնաճը պաշտոնապես կազմել է 4,7 տոկոս, ապա ստացվում է, որ շինարարությունն առնվազն գնաճի չափով անկում է ապրել: Իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալները, չնայած պաշտոնապես նշված է, որ անցած տարվա համեմատ աճել են 4,8 տոկոսով, սակայն, երբ այդ ցուցանիշից հանում ենք գնաճը, ապա այս դեպքում աճը դառնում է զրոյական:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ինն ամիսների արդյունքներով գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների աճը նախորդ ամսի` օգոստոսի տվյալների համեմատ նվազել է եւ կազմել 11,3 տոկոս: Օգոստոսի արդյունքներով գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ աճել էին 13,5 տոկոսով: Այսինքն՝ ստացվում է, որ սեպտեմբերի արդյունքները գյուղատնտեսության վիճակը բարելավելու փոխարեն վատթարացրել են:
Պաշտոնական վիճակագրության հաջորդ տվյալը, որը հարցերի տեղիք է տալիս, վերաբերում է արտահանմանը: Բանն այն է, որ նախորդ երկու ամիսներին արտահանման ցուցանիշը, կարծես թե, ինչ-որ չափով շտկվել էր, չնայած աճ չէր արձանագրվել, բայց անկումը եւս չկար, քանի որ արտահանման ծավալներն այնքան էին, որքան անցած տարի: Սակայն ինն ամիսների արդյունքներով արտահանման ծավալները կրկին սկսել են նվազել: Տոկոսային արտահայտությամբ անկումը կազմել է մեկ տոկոս, որը եթե վերածում ենք գումարի, ապա ստացվում է, որ այս տարվա ինն ամիսներին անցած տարվա համեմատ 11 մլն դոլարով քիչ ապրանք է արտահանվել: Ասել է թե՝ այդքանով քիչ գումար է եկել Հայաստան: Ի դեպ, ներմուծման անկումը կազմել է 26,6 տոկոս, ինչը կարելի է համարել բնական արդյունք, քանի որ ուղղակի կապված է առեւտրի շրջանառության անկման հետ: Այլ կերպ ասած՝ մարդիկ գումար չունեն, որպեսզի առեւտուր անեն, ներկրողներն էլ նախընտրում են քիչ ապրանք ներմուծել Հայաստան:
Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել, եւ այս գործընթացի վերջը կարծես թե չի երեւում, իսկ իշխանությունները շարունակում են պնդել, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական աճ ունենք: Արդյունքում, երկիրն ապրում է մի իրականությունում, որը Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում նկատել կամ էլ միգուցե ի վիճակի չեն տեսնել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ