Հոկտեբերի 19-ին հայտնի դարձավ, որ սահմանադրական հանրաքվեում ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նկատի առնելով այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը քաղաքական եւ պետական պաշտոն է, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը չի օգտագործի իր վարչական լծակները հանրաքվեի գործընթացում:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է.«Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաեւ՝ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
«Ժողովուրդ»-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը, լինելով վարչապետ, կարող է շտաբի պետ նշանակվել: Ստեղծված իրավիճակի շուրջ նաեւ մեկնաբանություն ենք խնդրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից:
-Պարո՛ն Մուկուչյան, արդյո՞ք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է միաժամանակ զբաղեցնել նաեւ շտաբի պետի պաշտոնն ու քարոզչություն իրականացնել:
-Իհարկե:
-Մի՞թե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետին:
-Այդ պաշտոնը քաղաքական պաշտոն է: եթե Դուք հանրաքվեի մասին օրենքը նայեք, այնտեղ ունենք, թե ովքեր կարող են հանդես գալ հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ: Օրինակ՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախագահին կամ Ազգային ժողովին: Ըստ 8.1 հոդվածի` պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Բնականաբար, եթե նա նախաձեռնելու իրավունք ունի, պետք է նաեւ իրավունք ունենա քարոզ իրականացնելու:
-20-րդ հոդվածում հստակ նշվում է, որ նա կարող է իրականացնել քարոզչություն, եթե չի իրականացնում իր լիազորությունները: Հիմա կա՞ հստակ տարբերակում, թե որ ժամից է Հովիկ Աբրահամյանը վարչապետ եւ որ ժամից է նա դադարում վարչապետ լինել ու որպես հասարակ քաղաքացի կարող է շտաբ ղեկավարել եւ քարոզչություն իրականացնել:
-Խնդիրը հետեւյալն է՝ նախ պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողները, ուսումնական հաստատության մանկավարժական կազմի աշխատողները չեն կարող քարոզ իրականացնել իրենց լիազորությունները իրականացնելիս, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են, իրենք բացառություն են: Որպեսզի Ձեզ համար ավելի պարզ լինի, հետեւյալ տեսանկյունից նայենք: Օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է: Պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում, չէ՞, հայտարարությունների ժամին եւս իր լիազորություններն է իրականացնում. նա ամբիոնից քարոզ է անում, չէ՞: Օրենքը չի խախտվում, քանի որ պաշտոնատար անձինք հանդես են գալիս, ըստ էության, որպես նախաձեռնության հեղինակներ, եթե ինքը նախաձեռնել է հանրաքվե, ինչպես կարող է քարոզարշավ չիրականացնել:
-Մի՞թե այս պայմաններում հավասար մրցակցության մասին կարող ենք խոսել:
-Մի խնդիր է լիազորությունների իրականացման ժամանակ քարոզչություն իրականացնելը, մեկ այլ խնդիր է ուրիշ անձի կողմից իր պաշտոնական լիազորություններն օգտագործելը, դրանք բոլորովին տարբեր բաներ են:
-Դուք բացառում եք, որ վարչապետը կգնա այդ քայլին:
-Դրա համար գոյություն ունեն հանձնաժողովներ, եթե նման խնդիրներ են առաջանում, ապա քննարկվում են նշված խնդիրները:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան
-Պարո՛ն Կարապետյան, ըստ Ձեզ` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, միաժամանակ կարող է լինել շտաբի պետ եւ քարոզչություն իրականացնել:
-Օրենքը խախտվել է, միանշանակ, դա քաղաքական պաշտոն չի, դա գործադիրի ղեկավարի պաշտոն է, եւ նա ուղիղ գործադիր իշխանության ներկայացուցիչ է: Բայց իրենք ուրիշ բան են ասում` պնդում են, որ հանրաքվեի մասին օրենքը չի արգելում դա: Չգիտեմ՝ օրենքը թույլ է տալիս, թե ոչ, դա իրավագետները կասեն, բայց կարող եմ քաղաքական գնահատական տալ: Առաջինը, եթե նշանակվել է Հովիկ Աբրահամյանը, ուրեմն Սարգսյանի խոսքերով՝ փորձելու են խփել այնքան, ինչքան պետք է, որովհետեւ մինչ այս, բոլոր ընտրությունների ընթացքում, երբ Հովիկ Աբրահամյանը եղել է շտաբի պետ, այդ ընտրություններն անցել են այնպես, ինչպես պետք է Սերժ Սարգսյանին: Այսինքն` արվելու է այն, ինչ արվել է մինչեւ հիմա:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ մեծ սխալ է արել, քանի որ այն, ինչ ասացի, հայտնի է ե՛ւ հասարակությանը, ե՛ւ միջազգային կառույցներին: Բոլորն էլ գիտեն` նմանատիպ շտաբով, նմանատիպ շտաբի ղեկավարով անցկացված ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել: Ավելին ասեմ՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը շտաբի պետի պաշտոնում այն դեպքում, երբ նա իր պաշտոնին հրաժարական չի տալիս, միանշանակ այդ հանրաքվեի լեգիտիմությունը հենց սկզբից դնելու է կասկածի տակ:
Եվ, վերջապես, եթե այդքան պրոբլեմներ պետք է ծագեին, միանշանակ բոլորը շահարկելու էին այդ նշանակումը, այդ դեպքում ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը անցած անգամվա նման հրաժարական չտվեց, գնա շտաբի պետ, հետո հետ գա:
-Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:
-Այո՛, ունեմ, Հովիկ Աբրահամյանը վախենում է, որ եթե հրաժարական տա, գնա, իրեն այլեւս հետ չեն բերի:
Քնար Մանուկյան