Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր տեսահոլովակ է պատրաստում երկրպագուների համար եւ մտադիր է մի քանի խելահեղ գաղափարներ կյանքի կոչել մինչեւ տարեվերջ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական ծրագրերի մասին, խոսել նաեւ իր հասարակական գործունեությունից:
-Զարուհի՛, Դուք այն եզակի երգչուհիներից եք, ով իր երգացանկում չունի «դժբախտ» սիրո մասին երգեր, փոխարենը նախընտրում եք ներկայացնել ուրախ սիրային գործեր: Ձեր վերջին «Կյանքը սերն է մեր» երգը դրա վառ վկայությունն է: Գուցե պատճառն այն է, որ Ձեր անձնական կյանքո՞ւմ էլ ամեն բան հարթ է…
-Առհասարակ, յուրաքանչյուրի արվեստը նաեւ իր կյանքի արտացոլումն է, երգչի ներկայացրած ստեղծագործությունը պետք է շատ ներդաշնակ լինի իր հոգեվիճակի հետ, այդ դեպքում նա կարողանում է լիարժեք կերպով փոխանցել ունկնդրին այն, ինչ ուզում է: Իմ երգերում շատ սեր կա, բայց այդ սիրային պատմությունները տխուր ավարտ չեն ունենում: Սակայն, ի տարբերություն իմ մի շարք երգերի, այս վերջին ստեղծագործությունը սիրային բալլադ է: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է, հուսով եմ` մինչեւ հոկտեմբերի վերջ այն կհանձնվի հանդիսատեսի դատին:
-Նշել եք, որ ցանկանում եք «Կիլիկիա» երգի հիման վրա եւս տեսահոլովակ նկարահանել, դա, թերեւս, նվիրական երազանքի պես մի բան է, այո՞:
-Մեր էստրադային երգիչներից ես եղել եմ առաջինը, ով կատարել է այդ երգը, ուստի այո, բաղձալի երազանք է ունենալ այդ երգի տեսահոլովակը: Տարիներ շարունակ այդ գաղափարը եփվում է գլխումս, այս տարի, կարծես, այն հնարավոր կլինի իրականացնել, արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մի քանի ուրիշ խելահեղ գաղափար էլ կա, որ մինչեւ տարեվերջ ուզում եմ իրականացնել:
-Մենք հիշում ենք, որ տարիներ առաջ հանդես էիք գալիս ջազային կատարումներով: Էլի այդ ժանրի գործեր հանդիսատեսին կմատուցե՞ք: Վերջին շրջանում կարծես քիչ եք ջազ երգում:
-Ես փորձում եմ չդավաճանել ինքս ինձ եւ պարբերաբար ակումբներում հանդես եմ գալիս ջազային կատարումներով: Սփյուռքում վերջին շրջագայություններիցս մեկի ժամանակ էլ 40 րոպե տեւած ելույթի ընթացքում զուտ ջազ եմ երգել, այնպես որ, նման խնդիր չկա: Պարզապես մեր քաղաքում բոլորս այնքան զբաղված ենք, որ դժվար է մի քանի ժանր համատեղելը: Կաշխատեմ շատացնել ջազային ելույթներս, որոնցից ինքս էլ մեծ բավականություն եմ ստանում:
-Արդեն երրորդ տարին է` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկով ստանձնել եք բարի կամքի դեսպանի առաքելությունը: Հետաքրքիր է` երգչուհի մայրիկն ինչպե՞ս է կարողանում հասցնել զբաղվել նաեւ հասարակական գործունեությամբ: Երբեւէ փորձե՞լ եք մեր հայ աստղերին համախմբել որեւէ բարեգործական ծրագրի շուրջ:
-Մենք արդեն նրանց մասնակցությամբ մի քանի մեծ միջոցառում արել ենք, չեմ հիշում, որ ես առաջարկեմ իրենց մասնակցությունը եւ մերժում ստանամ: Կարծում եմ` էստրադային արվեստի մեր ներկայացուցիչներն այդ առումով մեծ գործ են անում. նրանց 10 ելույթից 5-ը բարեգործական բնույթ է կրում: Ես շնորհակալ եմ կոլեգաներիս, որ ինձ չեն մերժում: Իսկ ինքս բնույթով հասարակական մարդ եմ, եւ չեմ կարող չլինել այդ կյանքի մի մասնիկը:
-Կան արտիստներ, որոնց անունները կապվում են քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ: Ձեր մասին էլ խոսում են, որ մտերիմ եք իշխանությունների հետ, մեր հիշողություններում թարմ է, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ Ձեր պարի պատկերը: Այդ լուսանկարը շատ քննարկվեց համացանցում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ես երեւի թե այն երգիչներից եմ, ով մեր երեք նախագահների հետ ունի նման լուսանկարներ: Եթե դու արվեստի մարդ ես, բնականաբար, այդ մարդիկ քեզ ճանաչում են, դու էլ ես ճանաչում բոլորին, եւ, կարծում եմ, եթե դու իսկապես արժանի ես դրան, այդ հարգանքը նրանց կողմից դու էլ ես տեսնում, այնպես որ, այդ պիտակավորումն այդքան էլ ճիշտ չէ, ինձ պրիմիտիվ է թվում, բայց հարգանքը, կարծում եմ, թե՛ իմ, թե՛ նրանց կողմից կա:
-Այսինքն` Հայաստանի երեք նախագահների հետ էլ պարե՞լ եք:
-Այո՛, այո՛, այնպես չէ, որ միայն մեկի հետ եմ պարել: Մի անգամ նույնիսկ մեր նախագահներից մեկն ինձ ասաց` Զարուհի ջա՛ն, ես երեւի իմ կյանքում ամենաշատը քեզ հետ եմ պարել (ծիծաղում է): Այնպես որ, ինձ համար դա նորմալ երեւույթ է, երբ ես ունեմ լավ տրամադրություն, կարողանում եմ վարակել դիմացինին. նախագահներն էլ բացառություն չեն…
Աննա Բաբաջանյան