Ինչ անել նույնականացման քարտ ունեցող ընտրողների հետ. այս խնդիրը դարձել է կռվաններից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա սահմանադրական հանրաքվեի կռվաններից մեկն էլ նույնականացման քարտերի խնդիրն է. արդյոք ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան նույնականացման քարտով քվեարկել, թե ոչ: Այս հարցի պատասխանն այսօրվա դրությամբ դեռեւս տրված չէ:

Սակայն այն շարունակում է օրակարգում մնալ, ինչը փաստում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության չորս պատգամավորներ` Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է: Համանման նախագիծ նախկինում ներկայացրել էր նաեւ ԲՀԿ խմբակցության անդամ, բայց գարնանից նշված կուսակցությունից դուրս եկած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

Սակայն նրա հեղինակած նախագծի քննարկումն արդեն իսկ մեկ տարով հետաձգվել է: Ուստի նման պայմաններում ՀՀԿ-ականների ցանկությունը, որ այդ խնդիրը վերստին քննարկման առարկա դառնա, կասկածներ է առաջացնում առ այն, որ իշխանությունները կփորձեն մինչեւ հանրաքվեն «անցկացնել» այդ նախագիծը:

Ինչպես հայտնի է՝ քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրում, զինվորական գրքույկում կամ անձնագրին փոխարինող փաստաթղթում կնիք է դրվում, ինչը հնարավոր չի լինի անել նույնականացման քարտով քվեարկելու դեպքում: Իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորներն այս առնչությամբ առաջարկել են ՀՀ ընտրական օրենսգրքում հատուկ պարբերություն ավելացնել, որով կսահմանվի, որ նույնականացման քարտերի վրա կնիք չի դրվում: Իհարկե, եթե անգամ դնեն էլ, միեւնույն է, դա կլինի անիմաստ, քանի որ քարտերը պլաստիկ են, եւ ցանկացած կնիք հեշտությամբ կմաքրվի այդ պլաստիկի վրայից: Բացի այդ՝ նույնականացման քարտերի վրա չի նշվում քաղաքացու հասցեն: Այսինքն՝ եթե նույնականացման քարտով քվեարկելու համակարգը ներդրվի, ապա այն կարող է ընտրակեղծարարության անսպառ հնարավորություն ստեղծել: Բանն այն է, որ հազար հոգին նույնականացման քարտերով կկարողանա մի քանի հարյուր հազար ընտրողի փոխարեն քվեարկել, քանի որ քարտի վրա բնակության հասցեն նշված չէ:

ՀՀ ոստիկանությունից «ժողովուրդ»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 12-ի դրությամբ նույնականացման քարտ ստացածների թիվը եղել է 553 հազարից մի փոքր ավել: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ նույնականացման քարտերի հատկացումը շարունակական եւ անընդհատ գործընթաց է, հասկանալի է, որ վերը նշված թիվը օր օրի աճում է:

Մյուս կողմից էլ հազարավոր քաղաքացիներ չունեն անձնագրեր, քանի որ հին անձնագիրը կորցրել կամ հանձնել են եւ փոխարեն ստացել նույնականացման քարտ: Իսկ կենսաչափական անձնագիր չեն ստացել, քանի որ դրա անհրաժեշտությունը չունեն, որովհետեւ այն իրենց պետք կգա միայն արտերկիր մեկնելիս: ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ վերը նշված 553 հազար քաղաքացիներից 176 հազարն ունեն միայն նույնականացման քարտեր: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ քվեարկելու հնարավորությունից նրանք զրկված են: Ավելին՝ տվյալ դեպքում խոսքը գնում է իրական ընտրողների մասին: Նշված մարդիկ Հայաստանում են եւ երկրի ներքին կյանքը հենց նրանց հոգսն է, եւ նրանք պետք է իրենց քվեարկությամբ որոշեն վաղվա օրը, ի տարբերություն ընտրական ցուցակներում մի քանի հարյուր հազար ընտրողների, որոնք թղթի վրա կան, բայց իրականում վաղուց մեր երկրում չեն բնակվում, եւ ՀՀ ընտրությունների ելքն էլ նրանցից շատերին ոչ էլ հետաքրքրում է:

Այսինքն՝ նույնականացման քարտ ունեցող ընտրողների քվեարկության խնդիրն առկա է, եւ այն պետք է լուծվի: Ուստի հարցերի հարցն այն է, թե ինչպես վարվել, որպեսզի քաղաքացին ընտրելու հնարավորությունից չզրկվի, բայց միեւնույն ժամանակ ընտրակեղծարարության նոր գործիք չստեղծվի: Այս խնդրի լուծման միակ հնարավորությունը աշխարհում վաղուց կիրառվող համակարգի ներդրումն է: Խոսքը, այսպես կոչված, «ընտրողի անձնագրի» համակարգի մասին է, որը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում:

Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին, դիմում են համապատասխան պետական մարմնին եւ ստանում հատուկ պաշտպանությամբ փաստաթուղթ, ինչպես օրինակ՝ անձնագիրը, որը, սակայն, նախատեսված է միայն ընտրություններին մասնակցելու համար, եւ դրա մեջ կնիք դնելու հարցում էլ խնդիրներ չեն առաջանում, եւ կարիք չկա հատուկ նյութեր օգտագործել, որպեսզի ընտրություններից հետո կնիքը ջնջվի, ինչպես դա արվում է անձնագրերի պարագայում: «Ընտրողների անձնագիր» համակարգը ներդնելու դեպքում Հայաստանում կլուծվի նաեւ ընտրացուցակների մաքրման խնդիրը, որն արդեն թվում է՝ անլուծելի մի խնդիր է: Բայց որ ամենակարեւորն է՝ նման համակարգերը կարող են ներդրվել միայն, եթե իրենք՝ իշխանությունները ցանկանում են, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Իսկ եթե իշխանության նպատակն այն է, որ ամեն անգամ ԿԸՀ-ն իրենց «հաղթող» հռչակի, ապա ոչ միայն վերը բերված, այլեւ ցանկացած նորմալ համակարգ մշտապես կմերժվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս