Ով է նախկինում ազատազրկված Արշակ Զաքարյանը, և ինչ «գործարքի» մեջ է մտել նա ՊՆ-ի հետ. (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը սոցիալական ցանցում հրապարակում է տեղեկություններ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի եւ, առհասարակ, ռազմական գործողությունների մասին: Ընդ որում, այդ տեղեկությունները երբեմն ուղեկցվում են լուսանկարներով եւ տեսանյութերով:

ՊՆ-ԻՑ ԱՌԱՋ ԸՆԿՆԵԼՈՎ

Ավելին՝ շատ հաճախ, մինչ ՀՀ ՊՆ լրատվական բաժինը կհայտնի, թե սահմանում ինչ իրավիճակ է, եւ քանի զոհ ունի հակառակորդը, Ա. Զաքարյանը սոցիալական ցանցում արդեն հրապարակում է իր տեղեկությունները: Դրանից հետո նոր ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածում՝ գրեթե նույն տեղեկությունը հրապարակելով: Դատելով այս համընկումներից, ամենայն հավանականությամբ, վերջինիս գործողությունները համաձայնեցված են ԼՂՀ ՊԲ-ի եւ ՀՀ Պն-ի հետ: Եթե այդպես է, ապա զարմանալի է ՊՆ-ի գործելաոճը. ինչո՞ւ է վստահում մի քաղաքացու, որը ԱՄՆ-ում կալանավորված է եղել, ինչո՞ւ է թույլ տալիս նրան գնալ, զինվորների հետ առաջնագծում ճաշել, ինֆորմացիա հավաքել, նկարել եւ հրապարակել: Արդյո՞ք նա ունի զինվորական այն աստիճանը, որ իրավունք ունի բանակային գաղտնիքների տիրապետել: Արդյո՞ք հայոց բանակում որեւէ մեկը կարող է չսափրված մտնել զինվորների մեջ ու «դուխ տալ»: Չէ որ սահմանն այն նուրբ ու զգայուն տեղն է, որտեղ ցանկացած տեղեկության արտահոսք կարող է մեր երկրի համար ողբերգական հետեւանքներ ունենալ:

Ի վերջո, ՀՀ ՊՆ-ն ունի լրատվական մի ողջ վարչություն, որտեղ աշխատողները վարձատրվում են ՀՀ պետբյուջեից: Ու եթե նրանք չեն կարողանում անհրաժեշտ լրատվական արտահոսքն ապահովել, նաեւ ոչ պաշտոնական խողովակներով, ապա նշանակում է՝ ՊՆ-ն քարոզչական դաշտում լրջագույն խնդիրներ ունի, ցավոք:

seyran ohanyan

ՊՆ-Ի ԳՈՐԾԱՐՔԸ

Այս կարեւոր թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց Ա. Զաքարյանի հետ, ով հստակ բացատրեց, որ իր հրապարակումների հետ կապված ՀՀ ՊՆ եւ Արցախի ՊԲ պատասխանատու չեն. «Ես պաշտոնատար անձ չեմ, հրապարակում եմ իմ ֆեյսբուքյան էջում: Ծանոթ լինելով օրենքներին՝ ինքս եմ որոշում՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ չէ: Իմ այս հրապարակումները համաձայնեցված չեն»: Նկատենք, որ «շարքային Զաքարյանի» հրապարակումները բլոգային, ժամանցային ու նաեւ մի քանի լրատվական կայքեր՝ որպես վերջին ճշմարտություն, տեղադրում են ու տարածում:

Ա. Զաքարյանի խոսքով՝ ՊՆ իրեն չի հովանավորում, ինքն է կազմակերպում օժանդակ օգնություն սահմանապահներին. «Իմ հայտարարությունների ողջ պատասխանատվությունը իմ վրա է, դրանք պաշտոնական հայտարարություններ չեն, իսկ ինչ վերցնում են լրատվամիջոցներն ու տարածում, դրա համար էլ պատասխանատու չեմ: Ես այստեղից-այնտեղից ինֆորմացիա չեմ դնում բանակի մասին, շփվում եմ բոլոր հետ, եւ այն, ինչ անում ենք, առաջնագծում ենք անում եւ այդ ինֆորմացիան օգտագործում եմ մեր ազգի համար»: Իհարկե, ազգին ծառայելը սուրբ գործ է, բայց այդ ծառայությունը յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում: Եւ եթե հանկարծ լինի մի իրավիճակ, որ Զաքարյանի ու մեր պետության պատկերացումները տարբերվեն, այդտեղ դարձյալ մեղավոր դուրս կգան լրատվամիջոցները, որոնք մեծ էնտուզիազմով տարածել են ինչ-որ մեկի տրամադրած տեղեկությունը՝ դրանից բխող ամենատարբեր հետեւանքներով: Համաձայնեք՝ լուրջ չէ:

Բայց այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցադրումը՝ ինչպե՞ս է ՊՆ-ի հետ իր գործունեությունը չհամաձայնեցնող մի անձնավորություն հասնում առաջնագիծ: «Ժողովուրդ»-ի այս հարցին պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ամեն մարդ չի կարող ինքնաբուխ գնալ առաջնագիծ: Այն հանաձայնեցվում է Պն-ի հետ, եւ ես «ՕԺանդակ օգնություն բանակին» նախաձեռնության շրջանակում ապրանք եմ տանում եւ առաջնագծից տեղեկություններ հրապարակում»: Այսպիսով, պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ն կոնկրետ գործարքի մեջ է նախաձեռնության ղեկավարի հետ: Եւ այստեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ է ՊՆ-ն վստահում շարքային Զաքարյանին, այլ ոչ, օրինակ, Արթուր Սաքունցին կամ Ժաննա Ալեքսանյանին: Նրանք պակա՞ս հայրենասեր են, թե՞ որ ՊՆ-ի մասին ճոռոմ ելույթներ չեն ունենում, դրա համար մերժված են մշտապես:

1444413442_screen-shot-2015-10-09-at-9.53.06-pm

ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

Իսկ ո՞վ է Արշակ Զաքարյանը, որ ՊՆ-ն միանշանակ վստահում է նրան ու թույլատրում զինվորների հետ առաջնագծում լինել՝ ընդ որում, չսափրված եւ «ապրանքի դիմաց տեղեկություն հավաքելով եւ տարածելով»: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Զաքարյանը ապրել է ԱՄՆ-ում, եւ հրապարակումներ եղան, որ նա տարիներ առաջ ԱՄՆ-ի իրավապահների հետ խնդիրներ է ունեցել, նույնիսկ ազատազրկման է դատապարտվել: Ի դեպ, Ա. Զաքարյանն ինքը չհերքեց այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ այդ մասին բազմիցս է խոսել, եւ իր բոլոր ընկերները տեղյակ են կատարվածի մասին:

Իհարկե, մենք Արշակ Զաքարյան անձի դեմ ոչինչ չունենք, քանի որ նա գուցե իսկապես հայրենիքի անմնացորդ նվիրյալ է եւ ցանկանում է իր ուժերի ու հնարավորությունների դաշտում օգնել բանակին: Այստեղ խնդիրը ՀՀ ՊՆ-ն է, նախարար Սեյրան Օհանյանը եւ տարբեր լսարաններում անվտանգության ու լրտեսության վտանգների մասին երկարաշունչ դասախոսություններ կարդացող փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

David-Tonoyan

5 ՀԱՐՑ ՊՆ-ԻՆ

Ուստի «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր ուղարկեց նաեւ ՊՆ

1. Ռեժիսոր Արշակ Զաքարյանը տեւական ժամանակ է, ինչ տեղեկություն է տրամադրում սահմանում տիրող իրավիճակի մասին: Ո՞վ է Զաքարյանին թույլատրել, որպեսզի նա առաջին գծի վերաբերյալ տեղեկություն հրապարակի, արդյո՞ք այն համաձայնեցված է պաշտպանության նախարարի հետ:

2.Արդյո՞ք ՀՀ ՊՆ-ին նման տեղեկություններ տարածելը անհրաժեշտ է, նա նախարարության կողմից լիազորվա՞ծ է նման տեղեկություն տարածելու համար:

3.Արշակ Զաքարյանին նախարարությունը ֆինանսական միջոցներ տրամադրո՞ւմ է՝ սահման մեկնելու համար, ՊՆ-ի ֆինանսավորմա՞մբ է նա առաջին գիծ գնում:

4.Ֆեյսբուքում «Շտապ հավաք» նախաձեռնություն էր ստեղծվել, որոնց անդամները ցանկանում էին սահման մեկնել, սակայն ՊՆ-ն չէր թույլատրել, ինչո՞ւ են Զաքարյանին թույլատրում, իսկ, օրինակ, նշված նախաձեռնության անդամներին չեն թույլատրում: Ո՞րն է նրանց տարբերությունը:

5.Արդյո՞ք ՊՆ-ն տեղյակ է, որ Արշակ Զաքարյանը ԱՄՆ-ում 7 տարի դատապարտվել ու ազատազրկվել է, ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին:

ԿԻՍԱԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Եւ, ահա, ստացել ենք ՀՀ ՊՆ-ի աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի ստորագրությամբ մի գրություն, որտեղ ասված է. «Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը նախաձեռնել է «ՕԺանդակ օգնություն բանակի» համացանցային ակցիան, որի շրջանակներում էլ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ` իրականացնելով այցելություններ ու նկարահանումներ սահմանային զորամասերում եւ մարտական հենակետերում: Օգտակար համարելով «ՕԺանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիան եւ դիտարկելով այն որպես բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը նպաստող նախաձեռնություն՝ ՀՀ ՊՆ-ն դեմ չէ վերջինիս իրականացմանը ու աջակցում է այդ նախաձեռնությանը: Որեւէ ֆինանսական աջակցություն կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնած «ՕԺանդակ օգնություն բանակին» համացանցային ակցիային ՀՀ ՊՆ-ն չի տրամադրում» :

Ըստ ՊՆ աշխատակազմի ղեկավարի` ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում Արշակ Զաքարյանի անձնական տեսակետները, որոնք կարող են եւ չհամընկնել ՀՀ ՊՆ-ի պաշտոնական դիրքորոշումներին. «ՀՀ Պն-ն որեւէ առնչություն չունի նաեւ Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումների հետ: ՀՀ ՊՆ-ի անունից տեղեկատվություն տարածելու իրավունք եւ լիազորություն ունեն միայն համապատասխան պաշտոնատար անձինք: Արշակ Զաքարյանի` ՀՀ-ում հաստատվելուց ի վեր ՀՀ իրավապահ մարմինների կողմից վերջինիս գործունեության մեջ չի նկատվել ՀՀ օրենսդրությանը հակասող որեւէ բան, եւ նա, հանդիասանալով ՀՀ քաղաքացի, ունի նույն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում, ՀՀ Պն-ն համագործակցում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ու անհատների հետ: Հետայսու նույնպես ՀՀ ՊՆ-ն իր վարած քաղաքականության շրջանակում պատրաստակամ է քննարկել համագործակցության ցանակացած առաջարկ եւ աջակցել հայրենասիրական նախաձեռնություններին»:

Թե որքանով են լուրջ ՀՀ ՊՆ-ի փաստարկները, թող ընթերցողները դատեն, մենք մնում ենք մեր կարծիքին, որ սահմանի մասին տեղեկությունները պետք է վերահսկվեն պետական օղակների կողմից, իսկ ՊՆ-ն կարծում է, որ ում մտքով ինչ անցնի, կարող է հրապարակել՝ չպատկերացնելով անգամ դրա վտանգավորության մասին: Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է, ափսոս, որ գործ ունենք ՀՀ սահմանների անվտանգության մասին նուրբ տեղեկատվության հետ:

շարքայիններ՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս