Անվճար դեկոդերներից լուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ հեռուստաընկերությունների միջոցով Հայաստանի բնակչությանն իրազեկվում է, որ հանրապետության ողջ տարածքում այժմ իրականացվում է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում՝ բարձր որակով: Հայտարարվել է, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար դեկոդերներ ձեռք կբերի եւ դրանք կարիքավորներին անվճար կտրամադրի Հայաստանի կառավարությունը:

Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք հազիվ են հոգում հանապազօրյա հացը, թվային հեռարձակմամբ հաղորդումներ դիտելու համար նոր հեռուստացույց գնելու կամ միջինը 15 հազար դրամով դեկոդերներ ձեռք բերելու միջոցներ չունեն: 2016 թվականից Հայաստանում անալոգային հեռարձակումը կդադարեցվի: Մինչեւ տարեմուտ 2 ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել, սակայն պետության կողմից հատկացվող դեկոդերների մասին տեղեկություն չկա:

Տավուշի մարզի անապահով ընտանիքներից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք ցանկացել են անվճար դեկոդերների հատկացման ժամկետի մասին տեղեկություն ստանալ Տավուշի մարզպետարանից եւ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցերի Տավուշի տարածքային բաժնից, սակայն երկու կառույցներում նշել են, որ իրենք դեռ որեւէ տեղեկություն չունեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս