«Ես իրավաշինիչ մեքենայի զոհ եմ». էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը հույսը դրել է ժողովրդի գթության վրա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը երեկ կրկին զանգահարել էր մեր խմբագրություն: Նա արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է անում: Եվ չնայած շնչակտուր լինելուն, Մուշեղ Մխիթարյանը կարդաց իր գրած նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ես՝ Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ, Երեւանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր տնօրենը, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:

Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը, որ ինձ «վրաերթի են ենթարկում», եւ Աստված մի արասցե, եթե այս ապարատին հաջողվի ինձ հաղթել իր ոչ նորմալ եւ ոչ ֆորմալ աշխատելաոճով: Ցավոք սրտի, ես կդառնամ հայոց ազգի հերթական ամոթի խարանը, որ երկար կմնա բոլորի մտքում դրոշմված: Տարբեր տարիներին բոլոր զանգվածային հավաքներին, երբ ազգը ոտքի էր կանգնած, ես պայքարում էի առաջին շարքերում: Եվ ահա այսպես մշուշոտ է՝ ինձ համար մշակութայի՞ն, թե՞ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ դարձավ այս անբարո քայլերին, որ սկսեց Աննա Միսակյանը: Հարց է՝ ո՞ւմ պատվերով, որ շարունակում է իրավական համակարգը…: Օրեր առաջ աղջիկս դարձավ մեկ տարեկան, իսկ ես որտե՞ղ էի՝ բանտում, հացադուլի մեջ, բողոքս էի արտահայտում, քանի որ «զենք» այսօր չունեմ:

Թեպետ գիտակցում եմ, որ այս իրավաշինիչ համակարգում մեծից փոքր շատ բարձր աշտարակից թքած ունեն՝ ես հաց կուտե՞մ, թե՞ ոչ, զավակիս ծնունդը կշնորհավորե՞մ, թե՞ ոչ, եւ արդյոք կապրե՞մ, թե՞ կմեռնեմ: Հոգիս ջերմանում է, երբ նամակներ եմ ստանում հանրապետության ժողովրդական արտիստներից եւ մտավորականներից, նամակներ, որոնցում այնքան հույս ու բարիք կա, այնքան սեր ու հոգածություն կա: Շնորհակալ եմ բոլոր վարպետներին այդ ամենի համար: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել «Յանուս» արտիստականի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Միքայել Արեւշատյանին, որ մշտապես գրում է՝ մաղթելով շուտափույթ վերադարձ: Շոշափելով «Յանուսի» թեման՝ ասեմ, որ, ինչպես նշեցի, արդեն ունի նոր գեղարվեստական ղեկավար, նախկին փոխտնօրենն է:

Արդեն 10 օր՝ հոկտեմբերի 12-ից, հացադուլ եմ հայտարարել՝ թույլ, հուսահատ: Գրել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են այս հարցին վերջ տալու: Դիմել եմ գլխավոր դատախազին, մշակույթի նախարարին, Էդուարդ Շարմազանովին, ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույսով, որ նրանք թույլ չեն տա նմանօրինակ խայտառակություն, այն հույսով, որ այս ամենի դեմը կառնեն: Վիճակն իրոք սարսափելի է, արդեն 3 ամիս բանտարկված եմ՝ զրկված ընտանիքից, աշխատանքից, ու բարի համբավս էլ՝ կասկածի տակ: Չունեմ այն ամենատարրական բաները, որ անհրաժեշտ են, օրինակ՝ հագուստ կամ ծխախոտ: Միակ ապավենս դատապաշտպանս է, որին պետությունն է տրամադրել, որը, ցավոք, չի կարող ինձ օգնել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս անարդարությունից փրկվելու եւ արդարությունը վերականգնելու համար ինձ միայն լուրջ փաստաբանները կարող են օգնել, իսկ դրա համար լուրջ գումար է պետք, իսկ ես չունեմ: Դիմել եմ խնդրանքով Հայաստանի ժողովրդի ճակատագրով մտահոգ գործարար բարերարներին՝ հույսով, որ այս օրհասական պահին օգնության ձեռք կմեկնեն:

Իրականում ամոթից գետինն եմ մտնում, բայց էլ ելք չունեմ: Ուզում եմ խնդրել ամբողջ հայությանը, որ օգնեն ինձ, այլ հույսեր չկան: Եթե ամեն պատգամավոր իր ամսական աշխատավարձի կեսը նվիրաբերի, ես կփրկվեմ: Եթե ամեն ուսանող հազարական դրամ նվիրաբերի, ես կփրկվեմ: Շուտով բանկի հաշվեհամար է բացվելու, հուսամ՝ բարի մարդիկ անմասն չեն մնա, եւ արդարությունը կհաղթանակի: Բժիշկ թե դերասան, լրագրող թե քաղաքական գործիչ, հոգեւորական, ֆուտբոլիստ թե շինարար, յուրաքանչյուրը միահամուռ… 10 օրն իրենն ասում է (խորը շունչ քաշելով՝ ասաց Մուշեղ Մխիթարյանը): Եթե օգնության ձեռք մեկնեն, ես դուրս կպրծնեմ, եւ իրական մարդասպանը կհայտնվի: Անի Մաջնունյանը լավ մարդ էր, լավ ընկեր, ու այն անբարոյականի լակոտը, ով զրկել է նրան կյանքից, պետք է պատիժ կրի, ով ուզում է լինի: Բռնատիրական ժամանակներն անցել են, ամոթ է, չի կարելի այսպես կործանել անմեղ մարդու կյանքը: Ես հասկանում եմ, ես հավատում եմ, որ ուսանողությունն ու բարերարները, ողջ հայությունն ինձ կսատարի, ի վերջո, 7 տարի ղեկավարել եմ «Յանուսը», դասավանդել համալսարանում ու ինքս էլ թե ուսանողներիս, թե գործընկերներիս հետ բարեգործական ակցիաներ կատարել եմ: Վերեւում աստված կա, ամեն ինչ տեսնում է եւ հատուցում ըստ արժանվույն: Ես հավատում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուժին, որ կար ժամանակ, որ միահամուռ էին, հավատում եմ իմ կոլեգաներին, որ ինձ պես կրողն են հայոց երկու հազարամյակների… հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, թե ինչ են անում: Այսքանն էի կարողացել գրել»,- եզրափակեց Մուշեղ Մխիթարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս