«Ժառանգություն» խմբակցությունը նիստ կգումարի որոշելու, թե ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցությունը հավանաբար նիստ կգումարի, որպեսզի ի վերջո որոշի, թե իրենց խմբակցությունից ովքեր են ցանկանում անվճար եթերաժամում ելույթներ ունենալ։ Հիշեցնենք՝ Թևան Պողոսյանը, որպես «Ժառանգություն» խմբակցության քարտուղար (քանի որ Զարուհի Փոստանջյանը դեռ պաշտոնապես խմբակցության ղեկավար չէ) կարող է դիմել եթերաժամ ստանալու խնդրանքով բայց հայտարարել է, որ դա անելու է պայմանով եթե իմանա, թե ինչ են մտածում այդ առնչությամբ խմբակցության մյուս անդամները։

Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք ինքը մասնակցելու է այդ նիստին։ «Մենք խմբակցությունում հարցը կքննարկենք, ու կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի։ Կարծում եմ, որ եթերաժամ ունենալու է խմբակցությունը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հավելեց. «Կարծում եմ այս օրերին կզրուցեմ Ռուբեն Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի հետ ու արդեն հստակ դիրքորոշում կներկայացնենք, թե ով ինչպես է ցանկանում օգտվել եթերաժամից»։ Մեզ չհաջողվեց այս առնչությամբ Ալիկ Արզումանյանից մեկնաբանություն ստանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս