ՏՂԱՄԱՐԴԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մարտի 13-ին Ջրվեժի 6-րդ փողոցում իր տան բակում ինքնասպանություն է գործել 50-ամյա մի տղամարդ: Մեր տեղեկություններով` վերջինս խաղամոլ է եղել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը: Պարզվել է, որ մարտի 13-ին Ջրվեժի 6-րդ փողոցում  ինքնասպանություն գործած տղամարդը 1963թ. ծնված Սեդրակ Էլբակյանն է: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ն այցելեց Ջրվեժի 6-րդ փողոց` պարզելու դեպքի մանրամասները, սակայն ինքնասպանի հարազատները չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ, իսկ հարեւանները նշեցին, թե լավ ճանաչում էին Սեդրակին, բայց ոչինչ ասել չեն կարող. «Մահացածի հետեւից խոսելը լավ բան չէ, մենք ոչնչով ձեզ չենք կարող օգնել»: 
Տեղեկացանք, որ երկու երեխայի հայր Սեդրակ Էլբակյանը առողջական ոչ մի խնդիր չի ունեցել:
Երեկ՝ մարտի 15-ին, եւս մեկ ինքնասպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում:   Ժամը 01:00-ի սահմաններում  իր տան բակում գտնվող անասնագոմում ինքնասպան էր եղել 22-ամյա մի երիտասարդ:
Պարզեցինք, որ ինքնասպանություն գործած երիտասարդը ազգությամբ եզդի Ռուստամ Խալաթյանն է: Վերջինիս հարսանիքը եղել էր 5 ամիս առաջ: Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սաղմոսավանի համայնքապետ Ներսես Ավագյանի հետ: Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում: «Ռուստամին տեսել եմ հենց երեկ ցերեկը: Տեսա, որ գնում էր իր տատիկի տուն, ամեն ինչ կարգին էր, շատ նորմալ վիճակում էր, ու ոչ մի տարօրինակ բան չնկատեցի»,-ասաց Ավագյանը:
Ըստ գյուղապետի` ինքը Ռուստամի հարազատներից լսել է, թե նա դեպքի օրը մի քանի ժամ անց է կացրել իր տատիկի տանը ու  երբ այնտեղից վերադարձել է, արդեն կեսգիշերին տեղի է ունեցել այդ ողբերգությունը:
Ռուստամը ինքնասպանություն է գործել իրենց բակում գտնվող անասնագոմում` առաստաղի գերանից կախվելու միջոցով: 
Համայնքապետի պարզաբանմամբ՝ Ռուստամը գյուղում զբաղվում էր անասնապահությամբ. «Շատ նորմալ տղա էր, աշխատող, ստեղծող: Դեռ ոչ ոքի հայտնի չէ, թե ինչը կարող էր ստիպել երիտասարդին ինքնասպանություն գործել: Մեզ համար, ինչպես նաեւ ողջ գյուղի համար էլ, շատ զարմանալի էր, թե ինչ սարսափելի բան է կատարվել»:
Նշենք, որ Ռուստամի կինը եւս ազգությամբ եզդի է:
«Նրանց ընտանիքը Արտաշավանից տարիներ առաջ տեղափոխվեց Սաղմոսավան գյուղ: Ռուստամի հորեղբայրը 25 տարի առաջ իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, եւ նրանց տանը բնակվում է Ռուստամի հայրը` Շալիկոն: Նշեմ, որ այդ տանը բանակից վերադառնալուց հետո գրանցվեց միայն Ռուստամի եղբայրը` Ջմեն»: 
Ն. Ավագյանից տեղեկացանք նաեւ, որ ընտանիքը սոցիալապես ապահովված է. «Անասուններ շատ ունեն, տունը վերանորոգված, կարգին վիճակում է, եւ ընտանիքն էլ չչարաշահող ընտանիք է: Հաստատ բան եմ ասում, իսկապես սոցիալական տեսանկյունից ընտանիքը լավ պայմաններ ունի»:
Ժողովուրդ-ը կատարվածի շուրջ զրուցեց նաեւ Հայաստանում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ: «Ցավոք, ինքնասպան եղած տղայի հարազատներին ծանոթ չեմ: Միայն գիտեմ նրանց տուն հարս գնացած աղջկա ծնողներին: Ռուստամի կնոջ հարազատները եւ հատկապես հայրը` Մրազը, շատ լավ մարդ է: Կատարվածն ինձ համար շատ զարմանալի է, շատ ցավալի դեպք է տեղի ունեցել` 22-ամյա երիտասարդ  է ինքնասպան լինողը»,-նշեց նա:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նշանակվել է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս