Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էր՝ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Տիգրանին: Ի դեպ, երեկ լրացավ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերջնաժամկետը: Այն մերժելու դեպքում ակտիվիստներին կալանավորելու են:
Հիշեցնենք, որ 2012թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տ. Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Ա. Կարապետյանը` 3, Ս. Գեւորգյանն ու Դ. Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Դեռեւս 2012թ. նոյեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը: Եվ հիմա ՀՀ վճռաբեկ դատարանի` վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելու որոշման դեպքում Դ. Քիրամիջյանը, Ա. Կարապետյանը եւ Ս. Գեւորգյանը նույնպես կազատազրկվեն:
ՀԱԿ համակիրները երեկ դատախազության շենքի մոտ վանկարկում էին՝ «Ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին», «Ո՛չ ոստիկանապետին», «Աղվա՛ն, հանցագո՛րծ, Սերժի՛կ, հեռացի՛ր»` այս կերպ իրենց դժգոհությունն արտահայտելով տղաների նկատմամբ դատարանի կայացրած վճռից:
Ակցիային մասնակցում էին նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նույն խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, ՀԱԿ անդամներ Արամ Բարեղամյանն ու Վահագն Խաչատրյանը: Լեւոն Զուրաբյանը ելույթ ունեցավ եւ նշեց, որ նախօրեին ՀԱԿ գրասենյակ են այցելել Հոլանդիայի ԱԳՆ-ի պատվիրակության անդամները, որոնց հետ զրուցել են տարբեր խնդիրների մասին. «Մասնավորապես հոլանդական դիվանագետներին հետաքրքրում էր, թե Հայաստանում ինչքանով են հարգվում ժողովրդավարական ազատությունները, սահմանադրական իրավունքները, եւ որոնք են Հայաստանից արտագաղթի պատճառները: Իսկ պատճառները բոլորը գիտեն՝ Հայաստանում ժողովուրդը չունի արդարադատություն, չունի օրենք, Հայաստանում ժողովուրդը չի տեսնում, որ իր Սահմանադրությունը գործում է»:
Լ. Զուրաբյանը նշեց, որ հոլանդացիները նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք մինչեւ այսօր շարունակվում են քաղաքական հալածանքները. «Ես բացատրեցի, որ Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ այն ապահով երկրից, որը Սերժ Սարգսյանը «կառուցել» է, ցանկացած մարդու իրավունքն ամեն քայլափոխի խախտվում է: Եվ ամենավառ օրինակը բերեցի հենց մեր տղաներին: Վճռաբեկ դատարանի համար վերջին հնարավորությունն է: Բողոքը մերժելուց անմիջապես հետո դատական որոշումը ուժի մեջ է մտնում, եւ տղաներին փաստորեն կձերբակալեն: Ես վստահ եմ, որ իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն եւ այդ անիմաստ, ողորմելի քայլին չեն դիմի»: Նա նաեւ ասաց, որ շատ կարեւոր է, որպեսզի նման ակցիաներով ժողովրդի ճնշումը շարունակվի իշխանությունների վրա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին. «Այս ընտրություններն ունեն ռազմավարական նշանակություն, ժողովրդի ոտքի կանգնելն ամենակարեւոր պայմանն է, նրանք նահանջելու են այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ լինեն հրապարակում»: Զուրաբյանի այս խոսքերից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել` «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր, Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ