Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի նորմերը և ստանձնած պարտավորությունները. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները և պարբերաբար խախտում է հրադադարի պայմանագիրը, ինչը հանգեցնում է զոհերի` նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին ՄԳԻՄՕ­ի երրորդ միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բոլորովին վերջերս Ադրբեջանը կոպտորեն խախտում էր հրադադարը հայ­ադրբեջանական սահմանին և ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում՝ օգտագործելով ծանր զինատեսակներ: Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը և ստանձնած պարտավորությունները հակամարտության կարգավորմանը հասնելու ճանապարհին»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց երկրի ղեկավարը:

ՀՀ Նախագահը նշեց, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քայլերն արդարացնելու համար պարբերաբար հղում է կատարում հակամարտության կարգավորման ՄԱԿ­ի անվտանգության 4 բանաձևերին, սակայն առաջինն ինքն է խախտում այդ բանաձևերը: «Այդ 4 բանաձևերից ամենակարևորը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է, Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումն է, իսկ Ադրբեջանը ցույց է տվել, որ ընդունակ չէ դրան: Հետևաբար, հենց Ադրբեջանն է խախտում այդ բանաձևերը»,­ ընդգծեց նախագահը: Եզրափակելով ելույթը՝ ՀՀ նախագահը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում:




Լրահոս