Ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է, որ հասարակությունը հաշվում է իշխանության ներկայացուցիչների պաշտոնական աշխատավարձերը եւ դրանք հակադրում սեփական եկամուտներին: Հայաստանը եւս բացառություն չէ, հատկապես մեզ մոտ արմատավորվող սոցիալական բեւեռացման համատեքստում: Ստորեւ անդրադառնանք ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի տարբեր երկրների պետական ծառայողների աշխատավարձերին, դրանց տարբերություններին եւ հասարակության ու իշխանությունների միջեւ նաեւ դրանով պայմանավորված ճեղքվածքին:
Այսպես, նախ ներկայացնելով Հայաստանում տիրող պատկերը՝ հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա աշնանը խորհրդարանը «ահռելիորեն» բարձրացրեց ամսական նվազագույն աշխատավարձը՝ 32.500 դրամից դարձնելով 35.000 դրամ: Հանրային քննարկումներում հաճախ էր հարց բարձրացվում, թե արդյոք այդ «հուժկու» բարձրացման հեղինակները ունակ են ապրել նման աշխատավարձով: Նկատենք, որ ՀՀ նախագահի ամսական աշխատավարձը կարգավորվում է խորհրդարանի կողմից ընդունված համապատասխան օրենքով՝ կազմելով ընդամենը 400.000 դրամ: Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատավարձը եւս բարձր չէ եւ կազմում է ամսական 244.000 դրամ: Ի դեպ, նախորդ տարի պատգամավորներից մեկը դժգոհում էր, թե այդ գումարով հնարավոր չէ «նույնիսկ նորմալ բաճկոն գնել»: Հետաքրքիր է, այդ «դժգոհ» պատգամավորը երբեւէ մտածե՞լ է, թե արդյոք նվազագույն աշխատավարձով ապրող մարդը կարողանում է գոնե ամսական նվազագույն մակարդակի սնվել, էլ չասած` «նորմալ բաճկոն գնելու» մասին: Ավելացնենք նաեւ, որ նախարարների աշխատավարձը գտնվում է երկրի նախագահի ու ԱԺ պատգամավորների աշխատավարձերի միջնակետում՝ կազմելով ամսական 330.000 դրամ, իսկ կառավարության ղեկավարինը՝ 350.000 դրամ: Սակայն հարկ է նկատել, որ Հայաստանում քչերն են հավատում, թե պաշտոնյաների եկամտի միակ աղբյուրը պաշտոնական աշխատավարձերն են, որոնցով նրանց գերակշիռ մասը հոգում է թիկնապահների, մեքենաների, անշարժ գույքի եւ բիզնեսների ծախսերը: Ցավոք, մեզ մոտ աշխատավարձը բարձր պաշտոնյաների համար կարող է դիտվել սոսկ որպես անեկդոտի թեմա, մինչդեռ արեւմուտքում նման մոտեցումն ընկալելի չէ:
Ուսումնասիրելով մեր հարեւան երկրների նվազագույն աշխատավարձը՝ նկատում ենք հետեւյալ պատկերը. Վրաստանում այն կազմում է 90 դոլար, Ադրբեջանում՝ 120 դոլար, Թուրքիայում՝ 550 դոլար: Ինչ վերաբերում է նախարարների աշխատավարձերին, ապա Վրաստանում 3800 ԱՄՆ դոլար է, Ադրբեջանում՝ 2000, Թուրքիայում՝ 3500: Հատկանշական է, որ տարածաշրջանի երկրներից ամենաբարձր աշխատավարձը նշանակված է Ադրբեջանի նախագահի համար, այն կազմում է ամսական 16.500 ԱՄՆ դոլար, մինչդեռ մի քանի անգամ զարգացած Թուրքիայում նախագահը տարեկան ստանում է ընդամենը 20 հազար ԱՄՆ դոլար: Դիտարկելով աշխարհի զարգացած երկրների իրավիճակը՝ մտաբերենք ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը, որ 2001թ. համապատասխան օրենքով կազմում է 400 հազար ԱՄՆ դոլար: ԱՄՆ փոխնախագահն «ապրում» է 230.700 դոլարով, իսկ խորհրդարանականների աշխատավարձը 174.000 ԱՄՆ դոլար է: Բրիտանիայում խորհրդարանականները ստանում են 8600 ԱՄՆ դոլար, իսկ վարչապետը՝ ավելի քան 20.000, Ֆրանսիայում՝ խորհրդարանականները՝ 4600 ԱՄՆ դոլար, իսկ նախագահը՝ մոտ 20.000, Իտալիայում՝ խորհրդարանականները՝ 9150 դոլար եւ այլն: Ամսական մոտ 15.000 ԱՄՆ դոլար ստացող խորհրդարանականներին նայելիս Հայաստանի պատգամավորները միգուցե եւ վատ կզգան ԱՄՆ-ում ծնվելու եւ այդ երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ դառնալու բախտին չարժանանալու համար, թեպետ նկատենք, որ «նրանց այստեղ էլ վատ չեն կերակրում»:
Ամփոփելով Հայաստանի եւ մի շարք այլ երկրների բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պաշտոնական աշխատավարձերի ընդհանրական պատկերը՝ կարող ենք արձանագրել, որ թեեւ մեզ մոտ պաշտոնյաները համեմատաբար ցածր աշխատավարձ են ստանում, սակայն իրականում նրանց մեծամասնությունը դրանով չէ, որ ապրում է: Բավական է նկատել, որ Հայաստանի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հպարտանալու համար սեփական բիզնեսներով: Մամուլում հաճախ են հրապարակվել նրանց անշարժ եւ շարժական գույքի մասին տեղեկությունները՝ սկսած իսպանական կալվածքներից մինչեւ հայաստանյան խանութներ, բանկեր, հանքեր եւ այլն: Այդ համատեքստում հիշարժան են մի քանի տարի առաջ ռուսական մամուլում հայտնված հրապարակումները, որոնցում փաստերով ներկայացված էր ՀՀ իշխանությունների ունեցվածքի ցուցակը: Ի դեպ, ոչ ոք այդպես էլ չհերքեց վերոնշյալ հրապարակումների իսկությունը, իսկ պատկան մարմինները, ըստ երեւույթին, զբաղված էին ավելի կարեւոր գործերով:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ