4-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկն ամեն ինչում լրագրողներին է մեղադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 4-ամյա երեխայի մահվան դեպքով, ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին: Վերջինս սակայն համամիտ չէ փորձաքննության արդյունքների հետ:

«Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը ArmLur.am-ի հետ զրույցում բավականին վրդովված և զայրացած ամեն ինչում լրագրողներին մեղադրեց՝ նրանց գործունեությունն անբարոյականություն անվանելով. «Իրականում իմ կողմից որևէ սխալ չի եղել: Երեխան ինֆեկցիոն տոքսիկ շոկից է մահացել: Թե հիմա ինչ շոու են սարքում լրագրողները, չգիտեմ: Գրում են՝ թոքը ծակեց, սիտը ծակեց, եսիմ՝ ինչ արեց: Ինչ դեբիլություն ասես չեն լցնում լրատվամիջոցները: Դա անբարոյականություն է: Ամոթ է»,- վրդովված հայտարարեց Անահիտ Պետրոսյանը:

ArmLur.am-ի դիտարկմանը, որ հրապարակվել է զուտ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությունը՝ կապված իրեն մեղադրանք առաջադրելու հետ, և մասնավորապես այն, որ եթե բժշկի կողմից հստակ գործողություններ կատարվեին, երեխայի կյանքը հնարավոր կլիներ փրկել, Ա. Պետրոսյանն ավելի վրդովվեց. «Փորձաքննությունից տարածելու բան չկա: Փորձագետներն են գրել, որ երեխան պետք է գտնվեր Վերակենդանացման բաժանմունքում: Եթե ես գործողություններ չանեի, սիստեմա չմիացնեի… մի քիչ գրագետ եղե՛ք, մի քիչ ձեզ հարգե՛ք: Երեխային ծնողներն ուշ են բերել հիվանդանոց: Գիշերվանից նա ունեցել է բազմաթիվ փսխումներ, ջերմությունը բարձրացել է, տվել են պարացետամոլ, սակայն գիշերը դիմելու փոխարեն դիմել են հաջորդ օրը ժամը 13:55-ին»:

Ի դեպ, մահացած երեխայի հարազատները վստահ են, որ կատարվածը բժշկի անփութության հետևանքն է: Նրանք ավելի վաղ հայտարարել էին, թե ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն ըստ արժանվույն չի կատարել իր պարտականությունները:

Հավելենք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։ Քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխայի նկատմամբ բուժհաստատությունում ցուցաբերվել է ոչ պատշաճ բուժօգնություն։ 

Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին հայտնի են եղել երեխայի հիվանդության զարգացման մասին տվյալները՝ բազմակի փորլուծություններ, փսխումներ, ջերմության առկայություն, որոնք վկայել են նրա մոտ «ջրազրկման» հիպովելեմիկ շոկի մասին՝ նրա մոտ ախտորոշելով նաև «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ», ինչի պայմաններում երեխան պետք է հոսպիտալացվեր վերակենդանացման բաժանմունք, և այնտեղ կատարվեին անհրաժեշտ կենսական ֆունկցիաների պահպանմանն ուղղված բուժական ինտենսիվ միջոցառումներ: Սակայն բժշկի կողմից հիվանդը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անգամ ինֆեկցիոն բաժանմունք նրա ընդունվելուց հետո, որտեղ երեխայի մոտ շարունակվել են պաթոլոգիական կորուստները՝ աղեստամոքսային տրակտից՝ լուծով, փսխմամբ՝ զուգորդված ջերմության առկայությամբ:

Նման պայմաններում բուժական միջոցառումների հիմնական նպատակաուղղվածությունը պետք է լիներ ինտենսիվ և արագ հակաշոկային ինֆուզիոն թերապիան՝ լիարժեք ծավալով ներերակային հեղուկների ներարկումը, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում բժշկի կողմից կատարված բուժումները՝ դեղամիջոցների ներարկումները, հեղուկների ծավալների անհամեմատ քիչ լինելու պատճառով չէին կարող և չեն ունեցել որևէ արդյունավետություն: 4-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն կլինիկական մահվան վիճակում, որտեղ հնարավոր չի եղել կատարել որևէ ախտորոշում՝ ելնելով վերը նկարագրված օբյեկտիվ վիճակից, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում գտնված ժամերի ընթացքում երեխայի նկատմամբ բաժանմունքի վարիչի կողմից չեն իրականացվել բավարար հետազոտություններ, չի կատարվել կղանքի հետազոտություն, մեզի քննություն, էլեկտրասրտագրություն:

Վերջիններս Ա.Պետրոսյանի կողմից ճիշտ կատարելու դեպքում հնարավոր կլիներ ճշտել հիվանդի ախտորոշումը, առավելապես՝ շոկային վիճակի առկայությունը, գնահատել ծանրության աստիճանը և կատարել համապատասխան համալիր բուժումներ, որոնք էլ կկանխեին հետագա բարդությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Տաթև Հարությունյան




Լրահոս