Երեկ սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն էր: Եթե աշխարհի զարգացած երկրներում այդ օրը սովորաբար անցնում է հաճելի եւ օգտակար անակնկալներով, սպառողի համար շահեկան տարբեր միջոցառումներով, ապա Հայաստանում այն, ցավոք, գրեթե չհիշվեց:
Տպավորություն է առաջանում, թե այստեղ պետական համապատասխան կառույցներն ու չինովնիկներն ասելիք չունեն, եւ սպառողների իրավունքների պաշտպանությունը հիմնականում թողել են բավարար հնարավորություններից գրեթե զուրկ մի քանի հասարակական կազմակերպությունների հույսին:
«Սպառողների ասոցիացիա» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանին խնդրեցինք պատասխանել, թե, իր կարծիքով, Հայաստանում որքանով են պաշտպանված սպառողների իրավունքները: «Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեզ մոտ շատ վատ վիճակում է, չափազանց հեռու է նույնիսկ բավարար լինելուց, բայց, միաժամանակ, հնարավոր չէ չնկատել այն դրական առաջընթացը, որ կա 15-20 տարի առաջվա համեմատ»,-ասաց Պողոսյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանությունն իր մեջ ընդգրկում է ցանկացած երկրում պարտադիր կատարման ենթակա մի շարք իրավունքներ, այդ թվում նաեւ` անվտանգության, տեղեկացված լինելու, ընտրության, բողոքելու իրավունքները: «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահը անբավարար գնահատեց Հայաստանում սննդամթերքի անվտանգության վիճակը եւ այս առումով հիշեց որոշ թռչնաֆաբրիկաներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես «Գետամեջի թռչնաֆաբրիկա»-ի «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում սալմոնելա տեսակի մանրէի հայտնաբերման փաստը:
Ա. Պողոսյանի հավաստմամբ՝ մեր երկրում սպառողի` տեղեկություն ստանալու, տեղեկացված լինելու իրավունքը գործնականում նույնպես բավարար չափով պաշտպանված չէ: Ինչ վերաբերում է ընտրության իրավունքին, ապա Հայաստանի սուպերմարկետներում հիմա թեեւ սննդամթերքների լայն տեսականի է վաճառքի հանված, սակայն որոշ սննդամթերքների պարագայում միայն առաջին հայացքից է թվում, թե սպառողն ընտրության հնարավորություն ունի:
Օրինակ` բնական հյութերի դեպքը: Ժամանակին Հայաստանի սուպերմարկետներից եւ, այսպես կոչված, տոնավաճառներից կարելի էր գնել Կիպրոսի, Հունաստանի, եվրոպական, ասիական եւ այլ երկրների բնական հյութեր, ընդ որում, համեմատաբար մատչելի գներով` լիտրը մինչեւ 700 դրամի սահմաններում: Սակայն վերջին տարիներին դրանք աստիճանաբար վերացան վաճառասեղաններից: Այդ հյութերի փոխարեն այժմ սպառողներին հիմնականում առաջարկվում են ուկրաինական եւ տեղական արտադրության հյութեր: Անձամբ ես չեմ ուզում գնել դրանք, որովհետեւ ուկրաինական հյութերը թեեւ պատրաստվում են արտերկրից Ուկրաինա ներկրված արեւադարձային մրգերի խտանյութերով, սակայն ուկրաինական շաքարի կամ շաքարավազի օգտագործմամբ, որը որոշ ռադիոակտիվ իզոտոպներ (ռադիոնուկլիդներ) պարունակելու առումով կասկածներ է հարուցում: Իսկ տեղական հյութերի որակն էլ չի գոհացնում ինձ: Ստացվում է, որ բնական հյութեր գնելու առումով սպառողը գրեթե այլընտրանք չունի:
Կիսելով մեր վերոնշյալ մտահոգությունը՝ Ա. Պողոսյանը ստեղծված իրավիճակը պայմանավորեց մրցակցային խնդիրներով: Այն տպավորությունն է առաջանում, որ շահագրգիռ ինչ-որ անձանց, ընկերությունների գրեթե ամբողջությամբ հաջողվել է ասպարեզից դուրս մղել այլ երկրներից բնական հյութեր ներկրողներին:
«Սպառողների ասոցիացիա»-ի նախագահը հատկապես անբավարար գնահատեց Հայաստանում սպառողի լսված լինելու իրավունքը եւ հավաստեց, որ նրա բանավոր ահազանգերը, նույնիսկ մամուլում հրապարակված բողոքները պատկան մարմինների կողմից հաճախ անտեսվում են, դրանց անմիջական արձագանք չի լինում, եւ խանութներում «տաք հետքերով» ստուգումներ չեն կատարվում, մինչդեռ սպառողներն իրավունք ունեն այս կամ այն խախտման մասին ահազանգել նաեւ հեռախոսով: Ըստ Ա. Պողոսյանի՝ արդյունաբերական ապրանքների հետ կապված բողոքների դեպքում դիմողին առաջարկում են դիմում գրել նախարարի անունով: Հասկանալի չէ, թե ինչու:
Ամփոփելով նշենք, որ Հայաստանում 2002թ. ընդունված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես մեր երկրում ընդունված շատ օրենքներ, հիմնականում ձեւական փաստաթուղթ է, որն իրական կյանքում ինչ-ինչ պատճառներով գրեթե չի գործում:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ