Նախատեսվածից շուրջ 2 ամիս շուտ ավարտվեց Երեւանը սնուցող խոշորագույն աղբյուրներից մեկի՝ Գառնիի ջրաղբյուրի վերանորոգման աշխատանքները: (Կապալառու՝ «Էմօշին» ՍՊԸ, նախագծող եւ տեխնիկական վերահսկող՝ «Ջինջ» ՍՊԸ): Տոնական միջոցառմանը, որին բացի Երեւան Ջուր ՓԲԸ աշխատակիցներից՝ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի ղեկավարությամբ մասնակցեցին մի շարք գերատեսչությունների ու կազմակերպությունների պատասխանատուներ, ջրաղբյուրի նոր օրը խորհրդանշող ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին:
Վերջին անգամ ջրաղբյուրը վերանորոգվել էր 2010թ. Համաշխարհային բանկի միջոցներով: Սակայն ծրագիրը կրել էր մասնակի բնույթ եւ չէր ներառել շատ կարեւոր խնդիրներ: Մինդեռ անցած 10 տարիներին, դրանց ավելացել էին նորերը: Մասնավորապես, առավել հրատապ էր դարձել կապտաժների (ջրահավաքների) վերանորոգումը:
Նոր ծրագրի շրջանակներում, արդեն Երեւան Ջուր ՓԲԸ սեփական միջոցներով կապալառուի կողմից հունիս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է մոտ 95 մլն ՀՀ դրամի աշխատանք, որի հիմնական նպատակն է ապահովել ջրաղբյուրի հետագա հուսալի շահագործումը:
Ծրագրի շրջանակներում մասնավորապես վերականգնվել է թվով 18 կապտաժների երկաթբետոնե ծածկերը, հարդարվել է դրանց արտաքին եւ ներքին պատերը, վերանորոգվել է ներքին հարթակները, բազրիքները, փոխվել է դռներն ու լուսամուտները, ջրամեկուսացվել է տանիքները, արդիականցվել է փականային հանգույցներն ու միացումները, անցկացվել է նոր էլեկտրական մալուխ: Դրանից բացի շրջանառության մեջ են ներառվել աշխատանքների ընթացքում ի հայտ եկած որոշ նոր աղբյուրներ, ինչպես նաեւ ավելի արդյունավետ օգտագործվել նախկինում հայտնիները:
Գառնիի ջրաղբյուրը, որն ամռան «պիկ» ժամանակաշրջանում Երեւանին մատակարարում է վայրկյանում մինչեւ 1500 լիտր բարձրորակ քաղցրահամ ջուր (Երեւանի ընդհանուր պահանջարկի մոտ 1/6-ը), շարք է մտել 1971թ.: Այնտեղից շուրջ 36 կմ մայրուղային ջրատարով, որի հիմնական տրամագիծը 1000մմ է, ջուր է մատակարարվում Երեւանի Էրեբունի, Շենգավիթ, Նուրբարաշեն, Կենտրոն վարչական շրջանններին, ինչպես նաեւ Արարատի մարզի որոշ գյուղական համայնքների:
Վերջին տարիներին նշված տարածքներում բաշխիչ ցանցի վերակառուցման ու կառավարելիության բարձրացման, հոսակորուստների նվազեցման ու ջրի վաճառքի վերահսկման արդյունավետության շնորհիվ զգալիորեն բարելավվել է ջրամատակարարումը: Իսկ դրանք սնուցող հիմնական՝ Գառնիի ջրաղբյուրի վերանորոգումից հետո այն նաեւ դարձավ ավելի հուսալի: