Երեկ Երեւանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ իրեն ԵՊՀ դասախոս ներկայացրած Արարատ Միրզոյանն իրականում համալսարանում ժամավճարային սկզբունքով աշխատել է ընդամենը 2 ամիս: Հիշեցնենք, որ Ա. Միրզոյանը, որը փետրվարի վերջին հանդես էր եկել ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանին ուղղված քննադատական հայտարարությամբ, զրկվել է նույն բուհում ունեցած իր աշխատանքից: Այս մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան պատին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Դեռեւս օրեր առաջ` 2013թ. փետրվարի 27-ին, իրեն ԵՊՀ դասախոս հայտարարած Արարատ Միրզոյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի ունեցած «դասադուլի» ակցիաների ժամանակ ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հետ տեղի ունեցած սադրիչ միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ֆեյսբուքյան սոցիալական ցանցով, որով դժգոհությունն էր արտահայտել կատարվածի վերաբերյալ ու բացատրություններ պահանջել: Այդ ժամանակ ԵՊՀ ռեկտորատի անդամները չկարողացան մտաբերել Արարատ Միրզոյան անունով ԵՊՀ դասախոսի եւ երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2002թ. շրջանավարտ, «Այ-էֆ-ի-էս-Հայաստան» կազմակերպության ընտրողների իրազեկման մասնագետ Արարատ Միրզոյանի հետ 2012թ. նոյեմբերին մեկ ամսով կնքվել է աշխատանքային պայմանագիր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնում որպես դասախոս ժամավճարային հիմունքներով (հեռակա համակարգում) աշխատելու մասին: Ըստ պայմանագրի` սահմանվել է ընդամենը 27 լսարանային ժամ աշխատաժամանակ: Այնուհետեւ ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի` 2012թ. դեկտեմբերի 30-ին 40-ից ավելի ժամավճարով դասավանդողների հետ Ա. Միրզոյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին»: