Ահաբեկչական գործողությունները մարտահրավեր են ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆարումի ընթացքում` նման հավաքները համարելով լավ հնարավորություն՝ մտքեր փոխանակելու միջազգային հարաբերություններում առկա խնդիրների մասին:
«Հայերը բնակվում են Մերձավոր Արևելքի բոլոր երկներում՝ կազմելով բազմազգ, բազմակրոն խճանկարի անբաժանելի մասը: Սիրիական կոնֆլիկտի հետևանքով միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է 17 000 փախստական: Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների խնդիրը մեզ համար մշտական անհանգստության առիթ է»,ասաց նախարարը` խոսելով կոնկրետ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակից:
Նալբանդյանը կարևորեց նաև Իրանի միջուկային ծրագրի հարցում գործընթացների կարգավորումը՝ նշելով, որ Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆարումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 40 երկրներից: Բացման արարողությանը կհաջորդեն Մոսկվայի Լազարյան ճեմարանի 200 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Լազարյան ճեմարանը երկու կրթօջախներից մեկն է, որոնց հիման վրա կազմավորվել է ՄԳԻՄՕն: Ֆորումի բացման արարողությունից առաջ մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: