Մարդիկ Հայաստանում պետք է նախ պատկերացնեն, թե ինչ փոփոխություններ է բերելու նոր սահմանադրությունը. ԱՄՆ դեսպանը մտահոգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը այսօր հրավիրված «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք, որպես ՀՀ-ի բարեկամ, հետևելու են, թե արդյոք Սահմանադրության նախագծին կողմ և դեմ բոլոր կողմերը հավասար իրավունքներով կարողանում են տեղ հասցնել իրենց ձայնը։

Նա նշեց, որ շատ կարևոր է, որ բոլոր կողմերի ձայնը լսելի լինի, բոլորն ունենան լրատվամիջոցներին օգտվելու հավասար հնարավորություններ, մասնավորապես հեռարձակվող լրատվամիջոցներից. «Եվ մենք դեսպանությունում կհետևենք՝ տեսնելու, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվում»:

Լրագրողի դիտարկմանը, որ ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ կան նախագահներ, որոնք սահմանադրություն փոփոխում են իրենց կառավարման ժամկետը երկարաձգելու համար և հարցին՝ արդյոք նա նկատի ունեցել է նաև Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, և ընդդիմությունը նույն մեղադրանքն է ներկայացնում ՀՀ նախագահին, դեսպանը պատասխանեց.

«Նախագահ Օբամայի մեկնաբանությունների վերաբերյալ Նյու-Յորքում ես չեմ կարող անդրադարձ կատարել, սակայն այստեղ կարևոր է, որպեսզի լինի բանավեճ, լինեն քննարկումներ, մարդիկ կարողանան իրենց որոշումը կայացնել և եթե որոշում են փոփոխություններ կատարել, ապա դա նրանց որոշումն է: Եվ ինչպես ես ասացի, մենք՝ որպես Հայաստանի բարեկամ, հետևելու ենք՝ տեսնելու արդյոք ապահովվում է բաց բանավեճ, արդյոք բոլոր կողմերը՝ այոն և ոչը ներկայացնող, հավասար կարողանում են իրենց դիրքորոշումները հայտնել»:




Լրահոս