Կարեն Անդրեասյանը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի ճամբարների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Oմբուդսմենը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի ճամբարների կողմից. լինելու է դիտորդ ու պաշտպան»: Այսօր հրավիրված «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկմանը հայտարարեց  ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Ուզում եմ «ոչ»-ի ճամբարին ասել, որ մեր եվրոպացի գործընկերները համատարած ասում են՝ շատ դրական լուծումներ կան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, ու պետք է կարողանալ լսել ու ընդունել դա։ Բայց եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, փաստարկները կենտրոնացնել 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս, որովհետև որքան էլ այստեղ լինեն խնդիրներ, դրանք ավելի առաջադիմական են»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

«Այո»-ի ճամբարին օմբուդսմենը հորդորեց հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հենց վերոնշյալ գլուխների վրա։

Այնուհետև Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Սահմանադրության նախագծում անձամբ իրեն հուզող առկա խնդիրներին։ Մասնավորապես, նա նշեց, որ իր համար անհասկանալի է օմբուդսմենի քաղաքական զսպվածության մասին դրույթը, որի փոխարեն հանձնաժողովին ինքն առաջարկել էր ամրագրել «չեզոքություն» բառը։

Ըստ Կարեն Անդրեասյանի`  բաց է այն հարցը, թե երբ որևէ մեկը որոշի, որ օմբուդսմենը քաղաքականապես զսպված չէ, ինչ սանկցիաներ են կիրառվելու, կամ կիրառվե՞լու են արդյոք:




Լրահոս