«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում ներքին հակամարտությունները, պարզվում է, դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանի երեկվա պաշտոնանկությունը հենց վերը նշված հակասությունների դրսեւորումներից է: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման հենց սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գեւորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդ կերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել: Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին եւ ազատվեցին: Նրանց մեծ մասը հետագայում գործի անցան ՀՀ քննչական կոմիտեում: Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են: Սակայն, ինչպես պարզվում է, իրական վիճակն այդքան էլ այդպես չէ: Փաստորեն, Գեւորգ Կոստանյանը մի կողմից իրավապահ մյուս կառույցների` քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության հետ է «հակամարտում»՝ դատաիրավական ոլորտի «ասողի» դիրքը գրավելու համար, մյուս կողմից էլ շարունակում է «հների» դեմ կռիվ տալ:
Հիմա էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի եւ գլխ.դատախազ Գեւորգ Կոստանյանի հարաբերություններն են կտրուկ լարվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կոստանյանը Բադալյանի մտերիմ Կարեն Բատիկյանին հրահանգել է ազատման դիմում գրել, հեռանալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: