«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ «Արցախբանկը» սկսել է զբաղվել իրենց՝ Դավիթաշենի թաղամասում գտնվող բնակարանների հարցով: Ըստ բնակարանատերերի՝ բանկի ղեկավարությունը նախ՝ կապ է հաստատում այն քաղաքացիների հետ, ովքեր բնակարանի փոխարեն գումարն են պահանջում, ապա՝ պայմանագիր է ստորագրում նրանց հետ: Քաղաքացիների ներկայացմամբ, բանկը արդեն երեք հոգու հետ գումարի վերադարձման պայմանագիր է կնքել: Իսկ թե երբ բանկը կսկսի Դավիթաշեն թաղամասում գտնվող կիսակառույց շենքի շինարարական աշխատանքները, տուժած բնակիչները տեղյակ չեն:
Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը Դավիթաշենի թաղամասում եւ Փափազյան փողոցում նորակառույց շենքերի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Իսկ երբ «Տոնոսը» սնանկ է ճանաչվել, բնակարաններն անցել են «Արցախբանկին», քաղաքացիներն էլ մնացել են ձեռնունայն: