ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գումարի բռնագանձման պահանջով դատի է տվել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանին: Վերջինս Տավուշի մարզում հարգված մարդ է, 1999 թվականից մինչ օրս Նավուրի գյուղապետն է: Գյուղնախարարության հայցով դատարանը Նիգոյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրել: Հոկտեմբերի 27-ին տեղի կունենա դատաքննությունը:
Ա. Նիգոյանը անասնապահությամբ է զբաղվում, 30-ից ավել կթու կով, գրեթե նույնքան էլ հորթեր ունի, միասին՝ շուրջ 70 անասուն: 2 տարի առաջ ցանկանալով բարելավել իր անասունների տոհմային կազմը՝ նա գյուղնախարարության կողմից Եվրոպայից ՀՀ ներկրված հոլշտեյն տեսակի 4 երինջ է ձեռք բերել: Ա. Նիգոյանը դրանք Նավուր է ներկրել Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում գործող «Միլք լենդ» անասնապահական ձեռնարկությունից, որի սեփականատեր Սոս Քոչարյանը տոհմային անասնապահության զարգացման ծրագրով գյուղնախարարության ներկրած տոմային երինջներից մի քանի տասնյակ հատ ունի: Նիգոյանը հայտնեց, որ 6 ամիս հետո տոհմային երինջները ծնել են:
Նա անձամբ է խնամել դրանց, կերակրել պահանջվող որակյալ կերակրատեսակներով: ԳՆ-ից ասել էին, որ այդ դեպքում յուրաքանչյուր կով օրական պետք է 50 լիտր կաթ տա, սակայն նման բան չի եղել: Տեսնելով, որ այդ կովերին պահելու համար, մեծ քանակի անասնակեր ծախսելով, զգալի վնասներ է կրում, Ա. Նիգոյանը գյուղնախարարությանը հայտնել է, որ հրաժարվում է այդ 3 երինջից: ԳՆ-ն էլ դրանք հատկացրել է Թալինից մի ֆերմերի:
Ա. Նիգոյանը իր անասունների տոհմային կազմը բարելավելու նպատակով մի երինջ պահել է իր մոտ, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է նաեւ դրանից, 4-րդ երինջը նույնպես թալինցի ֆերմերն է վերցրել: Ա. Նիգոյանի խոսքերով՝ ինքը գյուղնախարարության անասնաբուժություն-անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանին (նա հիմա այլ նախարարությունում է աշխատում) խնդրել է երինջների վերաբերյալ պայմանագիրը վերաձեւակերպել թալինցի ֆերմերի անունով, սակայն վերջինս ասել է, որ դրա կարիքը չկա: Որոշ ժամանակ անց թալինցի ֆերմերի մոտ այդ երինջները սատկել են, եւ հիմա ԳՆ Ա. Նիգոյանից է պահանջում փոխհատուցել դրանց արժեքը:
Նշենք, որ ցեղական երինջները տրվել էին 4 տարով, առաջին տարում ֆերմերը պետք է փոխհատուցեր դրանց արժեքների 10 տոկոսը, 2-րդ տարում՝ 20, 3-րդ տարում՝ 30, 4-րդ տարում՝ 40 տոկոսը: Նավուրի գյուղապետն ասաց, որ թալինցի ֆերմերի հետ պայմանավորվել են, որ միասին փակեն մի քանի միլիոն դրամ պարտքը: Նրա վկայությամբ՝ տոհմային անասունների շատ ավելի մեծ անկում է եղել Ս. Քոչարյանի մոտ: Մեզ հետ զրույցի ընթացքում Նավուրի գյուղապետը հավելեց, որ մի քանի տարի առաջ էլ օգտվել է ԳՆ-ի կողմից իրականացվող սերմնաբուծության զարգացման ծրագրից, էլիտար համարվող սերմացու վերցրել, սակայն նախանցյալ տարվա կարկուտը ոչնչացրել է իր ցորենի արտերը: Ստացվում է, որ գյուղնախարարության օժանդակող ծրագրերը որոշ ֆերմերների համար դարձել են իսկական պատուհաս:
Ոսկան Սարգսյան
Տավուշ