ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՈՍՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը իր բլոգում բավական հետաքրքիր գրառումներ էր կատարել, ինչը ՀՀ գործող իշխանությունները ցավոտ տարան:
“Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունը լավագույն ընտրություններ անցկացնելու մասին: Բայց հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում: Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում,-գրել էր դեսպանը՝ հավելելով,-եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց “մեսիջը” հղելու ճիշտ ձեւը, եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել”:
Վերջում տիկինն արձանագրել էր. “Տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրություններն արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք դա հնարավոր է: Հուսով եմ, որ հնարավոր է”: Քեթրին Լիչը նաեւ ասել էր, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն երեք ոլորտներին` ընտրողների ցուցակներ, հանրային ծառայողների ներգրավում, բողոքներին արդյունավետ արձագանքում:
“Ժողովուրդ” օրաթերթը զրուցել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսի՝ Քեթրին Լիչի ամուսնու հետ (նրանք դեսպանի պարտականությունները կատարում են հերթափոխով՝ 4 ամիսը մեկ անգամ): 
 -Հարգելի՛ պարոն դեսպան, Հայաստանում տեղի ունեցող հետընտրական գործ-ընթացներին ի՞նչ գնահատական կտաք: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հանգուցալուծում կունենան դրանք:
-Մենք վավեր ենք ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները: Եվ պատրաստ ենք աշխատել նախագահ Սարգսյանի հետ իր պաշտոնավարման երկրորդ փուլի ընթացքում՝  զարգացնելու համար երկկողմանի հարաբերությունները եւ մեր երկրների համատեղ բարգավաճումն  ու անվտանգությունը: 
Մենք պաշտպանում ենք մարդկանց խաղաղ եւ օրենքի շրջանակում բողոքելու եւ սեփական տեսակետն արտահայտելու իրավունքը: 
-Դուք խոսե՞լ եք իշխանության ներկայացուցիչների հետ նախագահական անցած ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ: Ի՞նչ խնդիրներ եք դրել Հայաստանի իշխանությունների առաջ:
-Մենք ընդունում ենք Միջազգային դիտորդական առաքելության գնահատականը: Այժմ սպասում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական հաշվետվությանը եւ իշխանություններին խրախուսում ենք կառուցողական արձագանք տալ նրանց կողմից ներկայացված ցանկացած առաջարկության: 
-Քաղաքական շրջանակներում կատարվող վերլուծությունների համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ուղղորդվում են ԱՄՆ դեսպանատան կողմից: Ի՞նչ գիտեք այդ մասին, եւ ընդհանրապես, Դուք Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ ներգրավվածություն ունեք: Քաղաքական, իշխանական ի՞նչ շրջանակների հետ եք շփվում:
-Սա, կարծում եմ, ԱՄՆ դեսպանատանն ուղղվելիք հարց է: 
-Կարո՞ղ եք նշել 5 տարբերություն Մեծ Բրիտանիայի գործող իշխանության եւ ՀՀ իշխանության միջեւ:  
-Ո՛չ:
-Ի՞նչ խորհուրդ  եք տվել ՀՀ իշխանություններին, ինչպե՞ս կողմնորոշվել՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵվրԱզԷՍ: 
-Բրիտանիայի կառավարությունը մեծապես աջակցում է Հայաստանի ձգտումը՝ հաստատելու առավել կառուցվածքային եւ ամուր հարաբերություններ Եվրամիության հետ “Ասոցացման համաձայնագրի” ու”Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի” ձեւաչափում: Մենք հարգում ենք Հայաստանի ցանկությունը զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ: Դա Հայաստանի եւ Ռուսաստանի գործն է՝ որոշել իրենց հարաբերությունների շրջանակը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 500 համար




Լրահոս